Բժիշկը և երաժշտությունը

Նոյեմբերի 3-ին, իրենց ուսումնառության ընթացքում,  թերևս,  ամենաինքնատիպ դասախոսությանն էին հրավիրված Հայկական բժշկական ինստիտուտի շուրջ վեց տասնյակ ուսանողներ։ Բուհական լսարանները փոխարինվել էին հայ Մեծերի վերջին հանգրվան-Պանթեոնում գտնվող Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի ցուցասրահներով։
Խորախորհուրդ այդ վայրի ընտրությունը պատահական չէր․ ուրիշ էլ ո՞ւր, եթե ոչ այդ սրբատանը առավել տպավորիչ կարող էր հնչել ու անմոռաց մնալ «Երաժշտությունը որպես հոգեկազդուրիչ երևույթ» թեմայով դասախոսությունը․ այն էլ՝ Պանթեոնում հանգչող հայ անվանի մտավորականների շիրմաքարերին իրենց խոնարհումը մատուցելուց, Կոմիտաս Վարդապետի հուշարձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց հետո։
Նախաձեռնությունը Ինստիտուտի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուկյանինն էր, որին պատրաստակամորեն արձագանքել էր բուհի ղեկավարությունը՝ հանձին ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր Մուշեղ Աստաբացյանի։ Իսկ ուսումնական գծով պրոռեկտոր Ցողիկ Հարությունյանը, բուժական ֆակուլտետի դեկան, բժշկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Յուրի Ջհանգիրյանը, Մարդու անատոմիայի ցիկլի ղեկավար Անահիտ Հարությունյանը,Հայոց լեզվի և օտար լեզուների ամբիոնի վարիչ, բան․ գիտ․ թեկ․, դոցենտ Գոհար Մկրտչյանը սիրով միացել էին Ա․ Մանուկյանին՝ ուսանողներին արտալսարանական դասին ուղեկցելով։
Թանգարանում նրանք մեծագույն հետաքրքրությամբ  ծանոթացան համաշխարհային հռչակ վայելող երժշտագետի, փիլիսոփայի, մանկավարժի կյանքին և գործունեությանը։
Արտալսարանային  դասախոսության ընթացքում սովորողները ծանոթացան երաժշտության առողջարար երույթ լինելու մասին տարբեր մասնագետների տեսակետներին։
Մարդկության և Հայոց ազգի առաոջապահական մշակույթն ապագայում պահպանելու կոչված անձանց համար բացահայտվեց համաշխարհային հռչակ վայելող  Կոմիտաս Վարդապետի «Բժշկություն՝ երաժշտությամբ» աշխատությանը։