Էրեբունի ամսաթերթ


Հայկական բժշկական ինստիտուտում հրատարակվում է ,,Էրեբունի,, ամսաթերթը, որը նպատակ ունի լուսաբանել ներբուհական կյանքըեւ բուհի հիմնական կլինիկական բազա հանդիսացող  ,,էրեբունի,, բժշկական կենտրոնի առօրյան:էրեբունի ամսաթերթ

Թերթի առաջին համարը լույս է տեսել 1991թ.: Տեւական ընդմիջումից հետո թերթի լույս ընծայումը վերսկսվել է 2002թ. եւ մինչ օրս այն հրատարակվում է:

Տարիներ շարունակ թերթում հրապարակվում են բազմավաստակ ու երիտասարդ դասախոսների, ուսանողների մասին հոդվածներ, հարցազրույցներ: ,,Մեր շրջանավարտները,, խորագրի ներքո ներկայացվում են բուհի այն շրջանավարտները, ովքեր հաջողությունների են հասել բժշկագիտության տարբեր բնագավառներում:

Թերթը նաեւ ուսանողի եւ ուսխորհրդի ամբիոնն է, որտեղ նրանք հնարավորություն ունեն պատմելու իրենց առօրյայի մասին, բարձրացնելու իրենց հուզող հարցերը, արտահայտելու դասախոսների եւ ուսումնական գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները:

,,Էրեբունի,, թերթի էջերում արծարծվում են նաեւ հետաքրքրաշարժ տարբեր բժշկական թեմաներ, արվեստին, գրականությանը, նշանավոր բժիշկներին ու բժշկության պատմությանը առնչվող նյութեր, որոնք նպատակ ունեն նպաստել ապագա բժիշկ-մտավորականի բազմակողմանի զարգացմանը:

Թերթը անվճար բաժանվում է բուհում եւ բուհի կլինիկական բազաներում:


Գ.Գ.ՄարկեսՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՅԱԼ ՎԱՐՊԵՏԻ՝ ԱՇԽԱՐՀԻՆ

ՈՒՂՂՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՊԱՐԳԵՎԸ

      Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը կյանքից հեռանալուց առաջ ողջ աշխարհի իր բարեկամներին հասցեագրեց հրաժեշտի այս նամակը:

     Եթե Տերը մի վարկյան իսկ մոռանա, որ ես շորե տիկնիկ եմ ու մի փոքր կյանք պարգեւի, հավանաբար ես չէի ասի մտածածս, այլ կմտածեի ասածիս շուրջ:

Ես իրերը կգնահատեի ոչ թե ըստ իրենց արժեքի, այլ ըստ իրենց կարեւորության:

Ես կքնեի քիչ, կերազեի շատ, գիտակցելով, որ փակ աչքերով անցկացրած յուրաքանչյուր րոպեն՝ լույսի վաթսուն վարկյանի կորուստ է:

Ես կքայլեի, երբ ուրիշները իրենց քայլքը զսպում են: Ես կարթնանայի, երբ ուրիշները քնում են, ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Եթե Տերը ինձ մի քիչ կյանք տար, ես կհագնվեի պարզ, կարթնանայի արեգակի առաջին իսկ շողերի հետ՝ մերկանալով ոչ միայն մարմնով, այլեւ հոգով:

Աստված իմ, եթե սիրտ ունենայի, ես իմ ատելությունը կվերածեի սառույցի ու կսպասեի, թե երբ է ծագելու արեգակը: Ես Վան Գոգի նման կնկարեի աստղերի շողերի տակ, կերազեի Բենեդետիի պոեմի մասին, եւ Սերրայի երգը կդարձնեի իմ լուսնային սերենադը: Ես վարդերը կողողեի իմ արցունքով, որպեսզի զգայի նրա փշերի պատճառած ցավն ու նրա ալ թերթերի համբույրը:

Աստված իմ, եթե ինձ մի քիչ կյանք տրվեր: Ես ոչ մի օր բաց չէի թողնի, որ ինձ սիրելի  մարդկանց չասեի, թե իրենց սիրում եմ:

Ամենի մի կնոջ ու տղամարդու ես կհավատացնեի, որ նրանք իմ սիրելիներն են: Սիրո հետ ես կապրեի սիրով: Ես մարդկանց կապացուցեի, թե իրենք որքան անիրավացի են, երբ մտածում են, թե երբ ծերանում են, դադարում են սիրահարվել: Ընդհակառակը, նրանք ծերանում են, որովհետեւ դադարում են սիրահարվել:

Մանկանը ես թռիչքի թեւեր կտայի, բայց եւ կսովորեցների, որ ինքը թռչի:

Տարենցներին ես կսովորեցնեի, թե մահը վրա է հասնում ոչ թե ծերությունից, այլ մոռացումից:

Օ, մարդիկ, որքան շատ եմ սովորել ես ձեզանից:

Ես իմացա, որ ամեն ոք կամենում է ապրել լեռան գագաթին, գլխի չընկնելով, որ իսկական երջանկությունը նրան վայրէջքում է սպասում:

Ես հասկացա, որ մարդ արարածը մեկ այլ մարդու վերից վար նայելու իրավունք ունի այն դեպքում միայն, երբ պետք է  օգնել նրան՝ ոտքի կանգնելու: Ես այնքան շատ բան եմ սովորել ձեզնից, բայց ճշմարիտ ասած, այդ ամենից օգուտը քիչ է, քանի որ նրանով լցնելով իմ ճամպրուկը, ցավոք մեռնում եմ:

Գաբրիել Գարսիա Մարկես


ՄԱՐԳԱՐԵԻ ՊԱՐՏԵԶԸ

Հետո նա ասաց. «Ընկերներ եւ ուղեկիցներ,

Ողբամ այն ազգը, որը լեցուն է գաղափարներով, սակայն զուրկ է հավատից:

Ողբամ այն ազգը, որի հագած զգեստը իր գործվածքից չի, որի հացը իր հունձից չի, եւ որի խմած գինին իր հնձանից չի հոսում:

Ողբամ այն ազգը, որ հերոս է հռչակում կռվասերին եւ մեծապարգեւ համարում բռնակալին:

Ողբամ այն ազգը,, որը քնի մեջ խորշում է որեւէ կրքից, բայց նրան անձնատուր լինում արթնության պահին:

Ողբամ այն ազգը, որը միայն հուղարկավորության պահին է աղաղակում, միայն իր ավերակների մեջ է հոխորտում եւ ըմբոստանում միայն այն պահին, երբ զգում է, որ իր պարանոցն է ճզմվում քարի եւ թրի միջեւ:

Ողբամ այն ազգը, որի քաղաքագետը խորամանկ աղվես է, իմաստասերը՝ աճպարար, եւ որի արհեստը կարկատելու եւ ընդօրինակելու արվեստն է:

Ողբամ այն ազգը, որը հաղթական շեփորներով է դիմավորում իր նոր իշխանին, բայց հեռացնում սուլոցներով, կրկին շեփորով դիմավորելու համար մեկ ուրիշին:

Ողբամ այն ազգը, որի իմաստունները ծերությունից անբան են դարձել եւ որի հզորները գտնվում են օրորոցներում:

Ողբամ այն ազգը, որը բեկորների է բաժանված եւ ամեն մի բեկոր ինքն իրեն մի ազգ է համարում»:

Ջբրան Ջբրան


ԼԻՑՔԱՎՈՐՎԵՔ ԵՎ ԹԱՐՄԱՑԵՔ

Մենք հավաքել ենք ձեզ համար լավագույն եւ միաժամանակ հասարակ դեղատոմսեր, որպեսզի չհիվանդանաք եւ միաժամանակ թարմ ու երջանիկ լինեք:

Սկսենք նրանից, թե ինչպես թարմացնել հիշողությունը, որպեսզի փոքրիկ մոխրագույն բջիջները չմոռանան մեր խորհուրդները: Սթրեսները, վատ էկոլոգիան եւ մաքուր օդի պակասը նվազեցնում են գլյուկոզայի մատակարարումն ուղեղի բջիջներին, որոնք դառնում են ալարկոտ եւ թույլ: Եվ այսպես, հիշողությունը թարմացնելու համար անհրաժեշտ է վիտամին B4 (խոլին) եւ B8 (ինոզիտ): Մեկ ամիս կարելի է խմել լեցիտինով վիտամինի կոմպլեքս: Կամ էլ շատ ուժեղ կանաչ խնձոր, բուլղարական պղպեղ, չամիչ եւ ծիրանաչիր: Սրանց մեջ կա երկաթ եւ մագնիում, իսկ անհրաժեշտ չհագեցած ճարպաթթուներն առկա են բուսական յուղերում (ձիթենու, սոյայի, արեւածաղկի, գետընկույզի) եւ յուղոտ ձկներում (տառեխ, թյունոս, սկումբրիա):

Առավոտյան ժենշենով թեյ խմեք: Սառը օդն ազդում է մեր անոթների վրա, առաջացնում է ջղակըծկում, գլխացավ, սրվում են խրոնիկ բորբոքումները: Դրա համար առավոտվանից պետք է լիցքավորվել: Բժիշկ դիետոլոգը խորհուրդ է տալիս եղանակին հարմարվելու համար կուշտ նախաճաշել, ցանկալի է որեւէ տաք ճաշատեսակ, ճաշին անպայման ապուր ուտել, իսկ ընթրիքը` ըստ ձեր ցանկության: Եթե առավոտյան ձեզ սպասվում է ոտքով գնալու երկար ճանապարհ, ապա չրի հետ մի բաժակ վարսակի հատիկները եւ ժենշենով քաղցր թեյը կտաքացնեն ձեզ: Բնական խթանիչ ժենշենը կթարմացնի, վարսակը արյան մեջ կշատացնի օգտակար ածխաջրերը` գլյուցիդները: Իսկ երկարամարս մսով կերակուրը ջերմության աղբյուր է: Սառը եղանակին` երեկոյան,  չի խանգարի խմել նաեւ մի բաժակ գինի, որն անմիջապես կտաքացնի ձեզ եւ զերծ կպահի մրսածությունից:

ՀԵՌԱՑՐԵՔ ՎԱՐԱԿԸ

Պարզվում է` առավոտյան ժամը 9-10 առավել հեշտ է վարակվել, քանի որ առավոտյան արյան մեջ շատ ցածր է պաշտպանների` լեյկոցիտների եւ մակրոֆագերի մակարդակը: Այդ իսկ պատճառով առավել արդյունավետ է առավոտյան տանից դուրս գալուց օգտագործել խթանիչ միջոցները: Մրսածության ժամանակ կարելի է օգտագործել այնպիսի իմունոմոդուլյատորներ, ինչպիսիք են գրիպֆերոննուլեյկին ֆերոնի քսուքը: Դիմադրողականությունը պահպանելու համար ձեզ կօգնի լուսնածինը, որով հարուստ են գետնանուշը, չոր կարմիր գինին, սպիտակ սնկով ապուրը, խաղողի ողկույզը:

Վերցրեք 500 գրամ ծեծած հունական ընկույզ, 300 գրամ մեղր, 100 գրամ ալոէի հյութ, ավելացրեք 4 բաժակ կիտրոնի հյութ եւ մի բաժակ օղի: Խառնեք եւ ուտելուց կես ժամ առաջ, մեկ ճաշի գդալ, օրը երկու անգամ, երեք շաբաթ, անընդմեջ խմեք այն:

750 մլ կարմիր չոր գինին տաքացրեք մինչեւ 70-80 0 C, ավելացրեք 2-3 մեխակի հատիկ, դարչին, 1 հատ կիտրոնի հյութ, 100 գրամ շաքար: Խառնեք, եփեք մինչեւ եռալը, 2-3 րոպե թողեք, որ թրմվի: Դրանից հետո կարող եք խմել, ավելի ճիշտ` բուժվել:

ԱՄՈՒՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիմադրողականությունը չի կարող բարձր լինել առանց կարոտինի, որը վիտամիններ A-ի եւ E-ի համաձուլվածքն է: Վիտամիններ A-ն եւ E-ն կոնաձեւ գեղձի լավագույն պաշտպաններն են: Որքան շատ է այդ վիտամինների խտությունը, այնքան ավելի լավ է պայքարում գեղձը վնասակար միկրոմարմինների դեմ: Փայծաղը նույնպես արտադրում է պաշտպանող մարմիններ եւ պետք է նույնպես պաշտպանված լինի հակաթթվեցնողներից: Օրգանիզմում կարոտինի խտությունը բարձրացնելու համար ռեգուլյար օգտագործեք լոլիկի հյութ: Իսկ եթե օրական խմեք մեկ ճաշի գդալ բուսական յուղ, դրանով կվերացնեք վիտամին E-ի պակասը: Լրացուցիչ անհրաժեշտ է ուտել շատ թարմ մրգեր (վիտամին C): Դիմադրողականության համակարգի բարելավման համար  կարեւոր է նաեւ ցինկը եւ լուսնածինը:

ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

Խրոնիկ հոգնածության եւ անոթային դիստոնայի հետեւանքով արյան մեջ նվազում է շաքարի պարունակությունը: Դրանից չեն նիհարում սակայն առաջանում է հիպոգլիկեմիա հիվանդությունը: Դրանից ազատվելու լավագույն միջոցը B խմբի վիտամիններն են: Խորհուրդ է տրվում օգտագործել ցորենի չմաքրած հատիկները, չմշակված բրինձը, բանջարեղենը:

ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԹԱՓՎԵԼ

Եթե չեք կարողանում կենտրոնանալ, ձեզ օգնության կգա խոլինը: Դա ճարպանման նյութ է, լեցիտինի բաղադրամիջոցներից մեկը, որն օգնում է ուղեղի տարբեր հատվածներին միմյանց հետ կապ պաշտպանել: Դուք այն կգտնեք ձվի դեղնուցի, տավարի եւ խոզի երիկամների եւ լյարդի մեջ:

Դեղատնից կարելի է գնել լեցիտինով վիտամինի կոմպլեքս, իսկ վիտամին C-ն ՙմաքրում է՚ ուղեղի արյան անոթները: Օրինակ մեկ թուրինջը կամ երկու նարինջը լավացնում են արյան շրջանառությունը: Համեմունքներն արագ ակտիվացնում են ուղեղը: Կոճապղպեղն ու չամանն ակտիվացնում են ուշադրությունը, սեւ պղպեղը, պապրիկան ու քրքումը լավացնում են ուղեղի արյան շրջանառությունը եւ դադարեցնում ջղակծկումները:

 Օրական մեկ խնձոր, եւ բժիշկ այլեւս պետք չէ Քանի որ խնձորի մեջ կան գրեթե բոլոր ջրալուծվող վիտամինները (առավել կարեւոր` C, B6, P),  ինչպես նաեւ միներալներ ու միկրոտարրեր: Ածխածիններից կա մրգաշաքարը: Դրա համար մի զրկեք ձեզ այդ հաճույքից, չեք գիրանա, կմաքրեք օրգանիզմը եւ միաժամանակ կպահպանեք  ետիմադրողականությունը:

ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

Որպեսզի ապահովեք ձեզ ամենաանհրաժեշտ վիտամիններով ու միներալներով, պետք է օրական ուտեք 10 կգ սնունդ: Համաձայնվեք` դա հնարավոր չէ: Դրա համար բժիշկները խորհուրդ են տալիս խմել վիտամինամիներալային կոմպլեքս: Ապացուցված է, որ ՙարհեստական՚ վիտամինները ոչնչով չեն զիջում ՙբնական՚ վիտամիններին եւ նույնիսկ ավելի լավ են մարսվում:

ԱՐԾՎԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ

Մեզ շրջապատող տեղեկությունների մեծ մասը մենք ստանում ենք աչքերի միջոցով: Այդ պատճառով մեր պարտքն է, ինչպես հարկն է, հոգ տանել տեսողության մասին:

Աշխատեք քիչ նստել համակարգչի առջեւ,  ավելի շատ զբոսնեք մաքուր օդում, կատարեք աչքերի վարժություններ եւ ընդունեք վիտամիններ հօգուտ տեսողությանը:

Գիտե՞ք որ գազարի հյութը հարուստ է A վիտամինով: Տարին երկու անգամ խմեք գազարի հյութն` որպես դեղամիջոց, մեկ ամիս տեւողությամբ, օրը մեկ բաժակ (առավոտյան): Գազարի հյութն ամրացնում է նաեւ նյարդային համակարգը: Շոգեխաշած գազարը, հյութը, թարմ աղցանն օգտագործեք բուսական յուղով կամ թթվասերով, քանի որ A վիտամինը ճարպալուծվող է:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԱԴԱՆՈՍԻՆ.

Աչքերի եւ տեսողական նյարդերի հիվանդության, ինչպես նաեւ աչքի եղջերաթաղանթի խոցերով ծածկվելու, կատարախտի եւ կոնյուկտիվիտի դեպքում արդյունավետ է մաղադանոսի հյութը: Այն ուժեղ ներգործող միջոցներից մեկն է, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն խմել մեկ ճաշի գդալից ավել (մեկ օգտագործման ժամանակ): Մաղադանոսի հյութը կարելի է խառնել ջրի կամ մեկ այլ բանջարեղենի հյութի հետ: Միանշանակ օգտակար է գազարի եւ մաղադանոսի հյութերի խառնուրդը:

ՀԱՄԵՂ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ

Հոլանդացի բժիշկները բացահայտել են` այն կանայք, ովքեր հղիության ընթացքում խնձոր են ուտում,  իրենց ապագա երեխաներին պաշտպանում են ասթմայից:

Փորձարկումներ անցկացնելով 2000 հղի կանանց հետ`  բժիշկները եզրակացրեցին, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում հաճախ են օգտագործում խնձոր, նրանց մանուկների մոտ բրոնխիալ ասթմայով հիվանդանալու հավանականությունը նվազում է:

ՓՈՔՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵԾ

Այդ արդյունքը գիտնականները բացահայտել են խնձորի մեջ պարունակվող հատուկ նյութերով, որոնք համարվում են թոքերի համար կարեւոր գործոններ: Բացի այդ, խնձորի առողջարար հյութը անհրաժեշտ է դեռ չծնված պտղի աճի համար: Ի դեպ, ոչ միայն ապագա մայրերին, այլ նաեւ ապագա տատիկներին: Բժիշկները կարծում են, որ այդ միրգը լավ ազդեցություն է թողնում արյունատար անոթների եւ սրտմականային գործունեության վրա:

 ԵՎ ՍԻՐՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԿԼԻՆԻ

Ձեր սիրտը հաճախ տառապում է ոչ ճիշտ սնվելուց: Եթե առկա է բարձր ճնշումը, հոգեկան լարվածությունը, անքնությունը, թուլությունը եւ արագանում է ձեր զարկերակի հաճախականությունը, ապա անհրաժեշտ է դիմել բժիշկ սրտաբանին: Չէ՛ որ ավելի լավ է տեղեկացված լինել, քան հետո դիմել բարդ վիրահատության:

  Հետեւեք աշխատելու եւ հանգստանալու օրակարգին: Եթե դու ամեն օր նստած ես համակարգչի առջեւ, քիչ ես շարժվում, որոշ ժամանակ անց բարձրանում ես ոտքով 15-րդ հարկ, ապա օրինաչափություն է դառնում այն, որ քո սիրտը պարտադիր պետք է բողոքի: Պարտադիր անհրաժեշտ է 8-ժամյա քունը: Հրաժարվիր ոգելից խմիչքներից, թունդ թեյից եւ սուրճից: Ձեր սննդակարգը պետք է լինի կալորեաներով հարուստ, բայց հեշտ մարսվող: Եւս մի կարեւոր համակարգ` վերջին անգամ պետք է սնվել ժամը 19-ից ոչ ուշ: Զբաղվիր մարմնամարզությամբ կամ լողով:

ԱՐԴՅՈՔ ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Եթե ցանկանում ես հաղթահարել մըրսածությունը, օգտագործիր խոտաբույսեր եւ թարմ մրգեր, որոնք օժտված են առողջարար հատկություններով:

Պետք չէ անիմաստ թունավորել ձեր օրգանիզմը հաբերով այն դեպքում, երբ ձեր ձեռքի տակ կան ավելի արդյունավետ եւ առողջության համար անվնաս միջոցներ:

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

Մրսածության առաջին իսկ նշանները նկատելիս, որոնք են հարբուխը, կոկորդի ցավը, անմիջապես դիմեք ինհալացիայի օգնությանը: Մեծ տարայի մեջ լցրեք եռացրած ջուր, ավելացրեք մի քանի կաթիլ եթերայուղ եւ 4-5 հատ էվկալիտի տերեւ: Գլուխը ծածկեք սրբիչով եւ 10 րոպե շնչեք: Երբ ինհալացիայի ժամանակ ձեր քթից կսկսի ծորալ, տարայի մեջ ավելացրեք կիտրոնի հյութ, այն լիովին կմաքրի քթի խոռոչը: Իսկ եթե ճանապարհին կամ մեքենայի ղեկին տկարություն եք զգում, ապա թաշկինակի վրա կաթեցնելով մի քանի կաթիլ եթերայուղ` պարբերաբար շնչեք: Հասնելով տուն` անմիջապես ընդունեք տաք լոգանք: Ջրի մեջ ավելացրեք 5 կաթիլ երիցուկ եւ նարդոսի (լավանդայի) յուղ: Քնելուց առաջ անանուխի եւ զեյթունի ձեթից պատրաստեք քսուք եւ քսեք կոկորդին, ծոծորակին եւ կրծքին:

ՏԱՔ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՐՈՂ

Մրսածությունն, այնուամենայնիվ, քեզ հաղթել է: Պետք չէ հուսահատվել` շարունակեք պայքարել առողջանալու համար: Հաճախ օգտագործեք հեղուկ  այն ժամանակ, երբ ունեք ջերմություն: Հեղուկը պետք է լինի տաք, բայց ոչ այրող: Տաք հեղուկը չպետք է լինի հասարակ թեյի կամ սուրճի տեսքով, դրանք կրկնակի ջրազրկում են: Փոխարենը օգտագործեք խոտաբույսերից կամ մրգերից պատրաստված թեյեր: Դրանք ոչ միայն հագեցնում են, այլ նաեւ հարուստ են վիտամիններով:

Տանջվում է հազը, պատրաստիր կոկորդիդ համար հանգստացնող ըմպելիք: Մեկ լիտր եռացրած ջրի մեջ ավելացրեք կիտրոնի կեսը, մի պտղունց կոճապղպեղ եւ երեք թեյի գդալ մեղր: Քամեք եւ գոլ վիճակում խմեք փոքր կումերով:


1-0ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ

Սանդրո Բոտիչելիի հանրահայտ ՙՎեներայի ծնունդը՚ կտավում սիրո եւ գեղեցկության աստծո հիասքանչ կերպարում պատկերված է Սիմոնելա Բեսպուչին: Սակայն քչերը գիտեն, որ գեղարվեստական արժեքից բացի, կտավը մեզ հաղորդում է եւ այլ տեղեկություն: Գունատ դեմք, ուռած աչքեր, ինչպես նաեւ ոտքերի ձեւափոխված մատներ, այդ ամենն սկսվող տուբերկուլոզային հոդաբորբի ախտանշաններ են:

Այս հետաքրքրական տեղեկությունն առաջին անգամ հայտնել է ՌԲԳԱ սննդի գիտահետազոտական ինստիտուտի գիտության եւ բուժական գծով տնօրենի տեղակալ,

ՌԲԳԱ թղթակից անդամ Բորիս Կագանովն ինֆեկցիոն հիվանդությունների համառուսաստանյան 2-րդ գիտաժողովում: Գիտական ֆորումի համար անսովոր ՙԻնֆեկցիոն հիվանդությունները կերպարվեստում՚ զեկուցման մեջ Կագանովը մեծ նկարիչների կտավներին նայել է ինֆեկցիոնիստի աչքերով: Անցկացնելով մեծ նկարիչների կտավների հետաքրքիր հետազոտություններ, բժիշկը նրանց շատ կերպարների մոտ բացահայտել է ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների ախտանշաններ: Նկարիչները, նշում է նա, իրականությունը պատկերելիս չէին կարող խուսափել մարդկային կյանքի այնպիսի կարեւոր վիճակներից, ինչպիսին հիվանդությունն է: Երբեմն դա ստացվել է պատահականորեն, երբեմն էլ մտածված, ավելի ուժեղացնելով պատկերված պահի դրամատիզմը:

Այնքան հարուստ եւ անելանելի պատմություն, ինչպիսին ինֆեկցիան է, չունի բժշկության ոչ մի ճյուղ, դրանք են` խոլերայի, ծաղկի, բորոտության եւ այլ համաճարակները: Մարդկության պատմության մեջ  սարսափելի հետեւանքներ թողեց այտուցային ժանտախտը: Հին կտակարանի 1-ին գլխում նկարագրվում է հրեաների պատերազմը փղշտացիների հետ: Ֆրանսիացի պատմական գեղանկարիչ եւ բնանկարիչ Նիկոլա Ուսենը պատկերել է 1630թ. ժանտախտի ժամանակ կատարվող իրադարձություններն իր ՙԺանտամահ անկյանք ժամանակաշրջանում՚ կտավում: Ուսենը ցույց է տվել, որ ժանտախտը չի խնայում ոչ ոքի` ոչ հարուստին, ոչ աղքատին, ոչ ծերերին, ոչ  երեխաներին, ոչ տղամարդկանց, ոչ կանանց: Նկարիչը կարողացել է վառ պատկերել մարդկանց սարսափը, հավանական է նաեւ այն պատճառով, որ ինքը տառապում էր ինֆեկցիոն հիվանդությամբ:

Բ. Կագանովը զեկուցման մեջ նշել է նաեւ նկարիչ Անտուան Ժան-Գրոյի մասին հետաքրքրական մի պատմություն, նկարիչ, ով Նապոլեոնի հետ անցել է ամբողջ պատերազմաշրջանը: Եգիպտական պատերազմի ժամանակ Նապոլեոնի այցը ժանտախտով հիվանդ զինվորներին պատկերող նրա նկարում 29-ամյա գեներալը շփվում է, զրուցում հիվանդների հետ, սակայն ինքը հրաշքով չի վարակվում, չնայած նրա շատ ուղեկիցներ մահանում են հոսպիտալ այցելելուց մի քանի օր անց: Երբ պարզ է դառնում, որ համաճարակը խանգարում է ռազմական գործողություններին, Նապոլեոնը հրամայում է թունավորել հիվանդներին` հիվանդության տարածման վտանգը կանխելու համար: Սակայն արդեն ուշ էր, 2.000 զինվոր մահացել էին: Միջնադարում եւ վերածննդի ժամանակաշրջանում վատ մարդիկ եւ բացասական հերոսները հաճախ կերպարվեստում պատկերվում են որպես այլանդակ էակներ, քանզի նրանք պատժված էին աստծո կողմից իրենց մեղքերի համար: Երբեմն նրանք տառապում էին տարբեր, այդ թվում ինֆեկցիոն հիվանդություններով: Իսպանացի նկարիչ Ֆերնանդո դե Լյանտոսը պատկերել է Հիսուսի չարչարանքների ամենադրամատիկ պահերից մեկը: Հիսուսը պատկերված է սյունին գամված, շրջապատված երեք դահիճներով, ովքեր ծեծում են նրան: Նրանցից մեկը սարսափելի է եւ շեղաչք, բացի այդ նրա ոտքերին լավ երեւում են ՙբորբոքման տարրերը՚` թարախապալարներն ու խոցերը, կողքին մյուս դահիճն է` սեղմած շրթունքներով, դեմքի դաժան արտահայտությամբ, նրա կատաղությունը ելք է գտնում կատաղի հարվածներով: Նա նույնպես պատված է խոցերով եւ թարախներով, նրա ձախ ազդրի վրա չիբան է եւ ձեռքերի մաշկը` բորբոքային ախտահարումներով: Հարկ է ենթադրել, նշել է զեկուցողը, որ նրանց օրգանիզմը տառապում է բորբոքված մաշկախտով, որն ունի, հավանական է, ստրեպտոկոկային ծագումնաբանություն:

18-րդ դարի եվրոպացիներից շատերի դեմքերին ծաղկի հետքեր են եղել: Դրանք քողարկելու լավագույն միջոցը դարձան արհեստական խալերը` սեւ մետաքսից եւ թավշից: Ջովանի Բատիստ Տեպոլոյի նկարում բնորդուհին հագել էր սպիտակ թիկնոց, որը ծածկում էր ուսերն ու ընդգծում գեղեցիկ դեմքը: Աղջկա աջ աչքի մոտ սեւ խալ էր: Երբեմն խալերն օգտագործում էին որպես արդուզարդի տարր: Հատկապես հաճախ ծաղկի վիրուսով վարակվում էին ռիսկի խմբի այն մարդիկ, ովքեր աշխատանքի գործունեությամբ պայմանավորված շփման լայն հնարավորություն ունեին, այդ թվում առաջին հնագույն մասնագիտության ներկայացուցչուհիները:

Հետազոտության հեղինակը նշել է, որ նկարիչներին իրենց կտավներում պատկերել են նաեւ բժիշկների: Հարկ է նշել, որ 17-րդ դարում նրանք հաճախ էին օգտագործում բժշկի կերպարը, քանի որ բժիշկները հաճախ տուն էին թափանցում գրավիչ կանանց գայթակղելու նպատակով: Ունեւոր կանայք կարող էին իրենց թույլ տալ հրավիրել մասնավոր բժիշկների: Պերճաշուք հագուստով, հիանալի վարվեցողությամբ բժիշկն այն ժամանակաշրջանում հաճելի անձնավորություն էր նրանց համար:

Հոլանդացի գեղանկարիչ Յան Սթենի կտավում պատկերված է բժշկի այցը, կինը բացահայտ կեղծում է, թե հիվանդ է: Նպատակն է գայթակղել բժշկին, իսկ բժիշկն էլ դեմ չէր գայթակղությանը:

Սակայն նկարիչները եւս վարակված էին ինֆեկցիաներով: Ամենատարածվածը սիֆիլիսն էր: Իհարկե, դա կապված էր նրանց ազատ ապրելակերպով: Դրանից է մահացել ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիր Էդուարդ Մանեն: Հիվանդությունն ուղեկցվում էր ցավերով եւ մասնակի կաթվածով, սակայն հենց այդ ժամանակահատվածում է նա իր տաղանդի ճանաչմանն արժանանում: Փտախտի պատճառով, մահից առաջ, անդամահատում են նրա ոտքը: Ֆրանսիացի գեղանկարիչ Պոլ Գոգենն, ապրելով Մավրիտանիայում եւ Թաիթիում, վարակվում է վտանգավոր ինֆեկցիայով: Նկարիչը տառապում էր հալյուցինացիայով: Հոգեկան խանգարումով էր տառապում աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգը, ինչպես գտնում են բժիշկները նույնպես սիֆիլիսից: Լավ հայտնի է այն փաստը, երբ նոպաներից մեկի ժամանակ նա կտրում է իր ականջը, որը եւ նրան տանում է հոգեկան հիվանդների կլինիկա: Այդ ամենը հետագայում նա պատկերում է իր ինքնանկարում: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն դեռեւս մանկուց հիվանդացվել էր պոլիոմիելիտով եւ նրա աջ ոտքը ձախից կարճ էր ու բարակ:

Իր անսովոր գրավիչ ելույթի ավարտին Բ. Կագանովը հաղորդում է, որ նրա առաջին հետազոտությունների արդյունքները դարձան ՙՄանկաբուժության զարգացումը նկարիչների աչքերով՚ գիրքը, սակայն հավաքված տվյալներն այնքան շատ էին, որ դա հանգեցրեց նոր` ՙԻնֆեկցիոն հիվանդությունները կերպարվեստում՚ աշխատության ստեղծմանը:

Պահանջվել է մի քանի տարի` անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաեւ կտավների լուսանկարները հավաքելու համար:

«Երբ սկսում ես նման հետազոտւթյուն, կանգ առնել արդեն հնարավոր չէ», նշել է նա եւ խոստովանել, որ իր աշխատանքը ՙայլ ժանրի՚ հոբբի չէ, այլ ինչ-որ ավելի մեծ բան: ՙԵրբ հետազոտություն ես կատարում, դա արդեն աշխատանք է եւ բավական բարդ, սակայն այն մեծագույն իրական հաճույք  է պարգեւում՚, – նշել է զեկուցողը:


ԴԱՐՁՅԱԼ ԽՈԼԵՍՏԵՐԻՆԻ ՄԱՍԻՆ

Ձմռանը մի քիչ քաշ հավաքելը բնական երեւույթ, է, որի պատճառն արեւի լույսի անբավարարությունն է: Դրա հետեւանքով պակասում է սերոտոնինի արտադրությունը, որն էլ պատասխանատու է նաեւ լավ տրամադրության համար: Սերոտոնինի մակարդակի նվազման հետ օրգանիզմն սկսում է ինչ-որ համեղ բան ՙպահանջել՚, քանի որ դա ՙտրամադրությունը լավացնելու՚ թեթեւ միջոցներից մեկն է: Բացի դրանից, օրգանիզմը ձմռանն սկսում է էներգիայի ՙխնայողություն՚ անել:

Ցուրտ եղանակներին նախնադարյան մարդու համար դժվար էր սնունդ հայթայթելը, նրա օրգանիզմը նախորոք ճարպի պաշար էր կուտակում եւ այն սկսում էր դանդաղ օգտագործել: Այլապես ողջ մնալը սպառնալիքի տակ էր հայտնվում: Այսօր բնականաբար այդ խնդիրը վերացել է, բայց կենսաբանական մեխանիզմը պահպանվել է: Այդ պատճառով էլ մարդիկ ձմռանը կարող են եւ մի քիչ գիրանալ: Խուսափելու համար պետք է շտկել սննդակարգը, խուսափել սթրեսներից, եւ ավելորդ զգացմունքայնությունից: Սննդակարգի նպատակը ոչ թե նիհարելը պետք է լինի, այլ քաշի եւ առողջության պահպանումը: Կարեւոր է հետեւել նաեւ, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ ստանա: Եթե օրգանիզմում B2, B5, B6 վիտամինների անբավարարություն է լինում, կարող են խնդիրներ առաջանալ մաշկի հետ, իսկ դրանից խուսափելու համար հարկ է սննդակարգի մեջ ներառել ձավարեղեն եւ կաթնաշոռ, ինչպես նաեւ ձու, տավարի միս, լյարդ: Ի դեպ, լյարդը եւ ձուն հարուստ են նաեւ A վիտամինով, որն այնքան անհրաժեշտ է մաշկի չթեփոտվելու համար:

Սննդակարգում պարտադիր է նաեւ բուսական յուղի առկայությունը, քանի որ այն E վիտամինի աղբյուր է, առանց որի առողջ ու առաձգական մաշկ ունենալը պարզապես անհնարին է, եթե այս ամենին ավելացնեք նաեւ ասկորբինաթթվով հարուստ սննդամթերք` կիտրոն, թթու դրած կաղամբ ու սոխ, ապա ամեն ինչ հնարավորինս կարգին կլինի:

Գրիպով հիվանդանալու վտանգի դեպքում իմունիտետն ամրացնելու համար հիանալի օգնական է ձկան յուղը:  Խորհրդային ժամանակների ձկան յուղի մասին կարելի է չհիշել, քանի որ այն ժամանակների ձկան յուղի տհաճ համն այսօրվա պատրաստուկներում այլեւս չկա: Դեղատներից կարելի է ձեռք բերել նույնիսկ նարնջի համով ձկան յուղի հաբեր, որոնք լինում են նաեւ պատիճներով:

Ձկան յուղն իրոք, խթանում է իմունիտետը, քանի որ այն օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուների հիանալի աղբյուր է եւ կանոնավոր ընդունման դեպքում պահպանում է խոլեստերինի նորմալ մակարդակն արյան մեջ, կանխարգելելով աթերոսկլերոզի եւ հիպերտոնիայի զարգացումը:

Բացի դրանից, ձկան յուղը դրական է ազդում նաեւ հուզական ֆոնի վրա, ՙընդդիմանում՚ է դեպրեսիային, որը հաճախակի է լինում եղանակների փոփոխման դեպքում:

Ձկան յուղն այդ նույն օմեգա-3-ի շնորհիվ արդյունավետ է նաեւ գլխուղեղի աշխատանքի համար եւ հոդացավի դեպքում: Իսկ  A եւ D վիտամինների շնորհիվ լավանում է տեսողությունը եւ մաշկի վիճակը: Այս ամենով հանդերձ, ձկան յուղը նաեւ հակացուցումներ չունի:

Առողջությունը պահպանել եւ բարձր իմունիտետ կարելի է ունենալ ճիշտ սննդակարգ պահպանելով: Առաջինը, ցուրտ եղանակներին օդի մեջ պակասում է թթվածինը, համապատասխանաբար, օրգանիզմի հյուսվածքներն էլ այն քիչ են ստանում, այդ թվում եւ ուղեղը: Արդյունքում, անընդհատ քնելու ցանկություն է առաջանում: Ուստի հարկ է լինում լրացնել օրգանիզմում երկաթի պաշարները: Այն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար, որն էլ թթվածինը հասցնում է հյուսվածքներին: Հենց որ բջջային շնչառությունը լավանում է, քնելու ցանկությունն էլ վերանում է: Այս հարցի հիանալի օգնականն է տավարի լյարդը: Երկաթի պարունակությունը շատ է նաեւ կարմիր մսի եւ ձվի դեղնուցի մեջ:

Քնկոտության 2-րդ պատճառն ածխաջրատների պակասն է, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումը: Այս դեպքում հարկ է սննդաբաժնում ներառել շոկոլադ, իհարկե ոչ շատ, սեւաձավար, եւ վարսակաձավար: Առողջ լինելու համար ձավարեղենը մեծ տեղ պետք է ունենա սննդաբաժնում: Դրանք օրգանիզմը բավական երկար ժամանակ ապահովում են էներգիայով: Իսկ սուրճի օգտագործումը հարկ է սահմանափակել, այն փոխարինելով օգտակար ըմպելիքներով, օրինակ, մասուրի թուրմով, կարկադե թեյով, կամ կիտրոն ավելացրած սովորական ջրով: Այս ամենը հարուստ է C վիտամինով, որն էլ բարձրացնում է օրգանիզմի տոնուսը:


big_09bbd54e0db36911b7edc44211bcd475ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հին Երեւանում այս շենքը աչքի է ընկնում իր ոչ սովորական, նմանը չունեցող կառուցվածքով: Այս շենքը, որի ճարտարապետը Բ.Մեհրաբյանն է, կառուցվել է 1914-15 թթ.:

Երեւանցիներն հայտնի այս շենքը, որ հաճախ միայն ԱՕԿՍ  են ասում, ժամանակին եղել է հիվանդանոց  եւ միաժամանակ բնակելի տուն` հայտնի վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանի եւ իր ընտանիքի համար: Այս առանձնատանը մասնավոր հիվանդանոց է բացվել 1915թ.: ՙԵրեւանի հայտարարություններ՚ թերթում ժամանակին ծանուցվել է  այդ մասին: ՙԲժիշկ Հ.Գ. Հովհաննիսյանը տեղափոխվել է Աստաֆյան փողոցի նո. 39 սեփական տունը՚:

Հ. Հովհաննիսյանը բնիկ երեւանցի է, ծնվել է 1865թ.: Սովորել է նախ`  Խարկովի, ապա` Մոսկվայի համալսարանի  բժշկական ֆակուլտետում, աշխատել է Մոսկվայի նահանգի քաղաքներում: 1895թ. Երեւանի քաղաքային վարչության հրավերով վերադարձել է հայրենի քաղաք, ստանձնել նորաբաց  հիվանդանոցի տնօրենի  ու բժշկի պաշտոնը: Մինչ նոր հիվանդանոցի բացումը Երեւանում գործում էր միայն զինվորական լազարեթ: Քաղաքային վարչության օգնությամբ ու Հ. Հովհաննիսյանի ջանքերով մի մասնավոր տան մեջ` Բեյբութովի (այժմ` Փավստոս Բուզանդ) փողոցում, բացվեց Երեւանի առաջին հիվանդանոցը, որն ընդամենը մի քանի  աշխատողներ ուներ` տնօրեն, մեկ բուժակ եւ մեկ մանկաբարձուհի: Հիվանդանոցը վճարովի էր: Բժշկական նախաքննության համար այցելուն վճարում էր 40 կոպեկ: Աղքատներից ու չունեւորներից վճար չէին պահանջում: Հիվանդանոցն ուներ  թերապեւտիկ ու վիրաբուժական բաժանմունքներ: Բայց այդ մասնավոր տանը հիվանդանոցային պայմաններն անտանելի էին. նեղվածք էր, ջուր չկար, բժիշկ Հովհաննիսյանը վիրաբուժական աշխատանքները կատարում էր լամպի լույսի տակ, հերթապահության սենյակը միաժամանակ ծառայում էր որպես վիրահատարան, բժիշկների սենյակ եւ դիարան: Տնօրենի բազմաթիվ բողոքներից ու գանգատներից հետո քաղաքի ինքնավարությունը 1902թ. նոր շենք է վարձում հիվանդանոցի համար, որը գտնվում էր Նազարովի (այժմ Ամիրյան) փողոցում: Շենքը երկհարկանի էր: Քաղաքում, շրջաններում եւ Երեւանի նահանգում խոսում էին նոր ՙլոհման հեքիմի՚ մասին, հրաշքներ էին պատմում, թե ինչպես է բժիշկը ՙկենդանացնում՚ կոտրված ոտքը, կույր աղիքը հեռացնում:

Տարիներ անց, նա որոշում է Երեւանում բացել սեփական վիրաբուժական հիվանդանոց: Մեծ ջանքերի գնով իրականանում է բժշկապետի երազանքը: 1911թ. մասնավոր տուն է վարձում ու բացում իր նոր հիվանդանոցը` տասը մահճակալով ու ամբուլատորիայով: Իսկ չորս տարի անց, երբ ավարտին է հասնում Աստաֆյան փողոցում կառուցվող առանձնատունը, Հ. Հովհաննիսյանը նոր շենք է տեղափոխում իր մասնավոր հիվանդանոցը: Նա արտասահմանից բերում է նորագույն սարքավորումներ, դեղամիջոցներ: Շենքի ձախ թեւը դարձնում է հիվանդասենյակներ` իր ընդունարանով ու մահճակալներով: Սենյակները մաքուր էին , լուսավոր: Առանձնատան երկրորդ հարկում ապրում էր բժշկապետի ընտանիքը: Այդտեղ նրա ընդունարանի եւ բավական մեծ դահլիճը, ուր հաճախ էր հավաքվում քաղաքի մտավորականության ընտրանին` կազմակերպվում էին երաժշտական երեկոներ, պարահանդեսներ: Բայց, առանձնատունը 1920թ. ՙազգայնացվեց՚ այսինքն խրվեց իսկական տիրոջից եւ հենց նույն թվականին էլ այդտեղ ստեղծվեց ՙտրոպիկական՚ հիվանդանոցը, որը պիտի պայքարեր մալարիայի համաճարակի դեմ, որ մոլեգնել էր երկրում: Այստեղ արդեն վիրաբույժ բժշկապետը գործ չուներ: Նա չէր հիվանդանոցի տնօրենը: Հայ բժշկության երախտավորը, կորցրած սեփական տան ու հիվանդանոցի տիրոջ իրավունքը, հեռացված իր սիրելի գործից, շատ արագ ընկճվեց եւ 1935թ. կնքեց իր մահկանացուն:


աաՊՐՈՖԵՍՈՐ ՍՈՒՐԵՆ ԳԵՂԱՄԻ  ԶՈՀՐԱԲՅԱՆ

Ամեն մեկս ապրում ենք մեր բաժին կյանքն այս աշխարհում եւ հրաժեշտ տալիս. մեկը հանկարծակի եւ անսպասելի, մյուսը տեւական հիվանդությունից եւ տանջանքներից հետո, մեկը դեռ արեւի լույսը չտեսած, մյուսը զառամյալ տարիքում:

Ասում են կենդանիները ծերանալով, պատրաստվում են մահվան: Իսկ առողջ բանականությամբ մարդը ուզում է հնարավորինս երկար ապրել:

Ինչո՞ւ է այնքան տարբեր մարդկանց կյանքի տեւողությունը: Գիտնականներն անհամար հետազոտություններ են արել եւ այսօր էլ շարունակում են: Սակայն հստակ բանաձեւեր դեռեւս չկան: Արդյո՞ք երկարակեցությունը պայմանավորված է գեներով, թե՞ այլ գործոններ կան` մեզ հայտնի կամ անհայտ:

Խորագիրը, որը բացվում է մեր թերթում, երկարակեցության գաղտնիքները պարզաբանելու փորձ է, սակայն ոչ միայն գիտական հետազոտության տվյալների հիման վրա, այլ մեր կողքին ապրող երկարակյաց մարդկանց հետ հանդիպումներում, ակնկալելով երկարակեցության գաղտնիքը լսել հենց նրանց շուրթերից:

Մեր առաջին հյուրը նյարդավիրաբույժ, Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Գեղամի Զոհրաբյանն է: Մարդ, ով չնայած առաջացած տարիքին, այսօր էլ շարունակում է աշխատել, ունի լավ հիշողություն եւ պայծառ միտք:

-Սուրեն Գեղամիչ, պատմեք խնդրեմ Ձեր մասին:

-Ծնվել եմ 1921թ. ապրիլի 5-ին, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում, ուսուցչի ընտանիքում: Հայրս հենց այդ գյուղից էր եւ 1915թ. հիմնադրել է գյուղի դպրոցը: Մայրս Արտաշատի Կանաչուտ գյուղից էր: Պապս` մորական կողմից, եղել է գիմնազիաների տեսուչ: Մայրս մեծացել է Ստավրոպոլում եւ հիանալի ռուսերեն գիտեր:

Որոշ ժամանակ անց մենք ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան: Ծնողներս շատ էին ուզում, որ ես ու եղբայրս քաղաքում լավ կրթություն ստանայինք: Սովորեցի Երեւանի Կրուպսկայայի անվ. կենտրոնական ցուցադրական դպրոցում: Հիանալի դպրոց էր. այդտեղ էին սովորում Ե. Չարենցի, Ա. Բակունցի երեխաները, Սիլվա Կապուտիկյանը: Ես եւ հետագայում կոմպոզիտոր դարձած Էդվարդ Միրզոյանը նույն նստարանին էինք նստում: Ավարտելուց հետո ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Լավ էի սովորում եւ նույնիսկ դարձա Ստալինյան թոշակառու: 3-րդ կուրսում էի, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: 1942թ. կամավոր մեկնեցի բանակ: Ծառայեցի զինվորական դաշտային շարժական հոսպիտալում, սկզբում որպես բժիշկ, ապա բաժանմունքի պետ, էվակոհոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի պետ: Հաճախ էին Մոսկվայից գալիս փորձառու, իրենց գործի գիտակ վիրաբույժներ, որոնց կողքին վիրահատելով ես շատ ու շատ բաներ սովորեցի:

Ինչ խոսք, պատերազմը ոչ մեկին լավություն չի անում, բայց պատերազմի բովով անցնելով, գիշեր-ցերեկ անդադար վիրահատելով, ես դարձա լավ մասնագետ:

1945թ. շարունակեցի աշխատել նյարդավիրաբույժ Երեւանի Օրթոպեդիայի եւ վերականգնողական վիրաբուժության ինստիտուտում:

1947թ. պաշտպանեցի թեկնածուական, իսկ 1956թ. դոկտորական թեզերը:

1950-58թթ. աշխատել եմ Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, սկզբում որպես ասիստենտ, ապա դոցենտ: Միաժամանակ այդ ինստիտուտի ուսումնական խորհրդի գիտական քարտուղարն էի եւ դեկանը: 1958թ ստացա պրոֆեսորի կոչում: 1959թ. Նախարարների խորհրդի հրավերով եկա Երեւան եւ ստանձնեցի բժշկական ինստիտուտի պրոռեկտորի պաշտոնը:

1959թ. Ս. Ավդալբեկյանի հետ ձեռնամուխ եղանք բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծմանը, որը հետագայում վերաճեց ինստիտուտի:

1959-60թթ. գործուղումով աշխատեցի Իրաքում` որպես Բաղդադի բժշկական քոլեջի պրոֆեսոր, պատրաստեցի տեղացի մասնագետներ եւ հիմնադրեցի նյարդաբուժության ու նյարդավիրաբուժական կլինիկաներ: 1969-71թթ. գործուղումով աշխատեցի Զամբիայում, որպես Լուսակայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, որի հիմքի վրա կազմակերպվեց բժշկական ինստիտուտը եւ նյարդավիրաբուժական կլինիկան:

1960-1993թթ. եղել եմ Երեւանի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի/ինստիտուտի նյարդաբուժության եւ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ: Մի քանի տասնամյակ շարունակ հանդիսացել եմ Հայաստանի ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժը:

-Երբ մտովի հետհայացք եք գցում Ձեր անցած ուղուն, ի՞նչ զգացում եք ունենում:

-Ես չեմ զղջում, որ բժիշկ եմ դարձել. շատ հիվանդների եմ բուժել, ողջ կյանքում զբաղվել գիտական ու մանկավարժական աշխատանքով: Պատիվ եմ ունեցել ժամանակի մեծ մարդկանց հետ շփվելու, նրանց կողքին աշխատելու: Ինձ համար հպարտություն է, օրինակ, որ ռուս մեծ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի ձեռնափայտը գտնվում է ինձ մոտ: Այն ինձ նվիրել է Պուշկինին բուժող բժշկի թոռի թոռը, ում հետ աշխատելու պատիվն եմ ունեցել: Ի դեպ, ես էլ այն նվիրել եմ իմ որդուն` բժիշկ Արշակ Զոհրաբյանին:

-Ձեր բնավորության ո՞ր գիծն է օգնել կյանքում առաջ քայլելու:

-Կարծում եմ աշխատասիրությունը,  կյանքի դժվար պայմաններին հարմարվելու կարողությունը:

Ոչ Մոսկվայում էր հեշտ, որտեղ ընտանիքս պահելու համար նույնիսկ բեռնակիր եմ աշխատել, ոչ Իրաքում էր հեշտ, եւ ոչ էլ Աֆրիկայում:

 Սակայն միշտ կարողացել եմ իմ մեջ դժվարությունները հաղթահարելու ուժ գտնել:

 -Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:

-Միշտ զբաղվել եմ սպորտով:

Երբեք չեմ նախանձել ուրիշներին, վատություն չեմ արել մարդկանց, հնարավորության դեպքում օգնել եմ: Չեմ ծխել, խմիչքն էլ օգտագործել եմ սահմանափակ:

-Ռեժիմով ե՞ք ապրել:

-Հիմա այո: Իսկ այն տարիներին, երբ նույնիսկ երեք տեղ էի աշխատում ընտանիքս պահելու համար, դա հնարավոր չէր: Հաճախ սնվում էի ճանապարհին, տրոլեյբուսի մեջ:

-Մինչեւ ո՞ր տարիքն եք վիրահատել:

-Մինչեւ 74-75 տարեկանը:

-Երկարակեցությունը Ձեզ գեներո՞վ է փոխանցվել:

-Կարծում եմ այո: Հայրս էլ ապրեց 88 տարի, սակայն մայրս շուտ մահացավ, քանի որ եղբորս մահը շատ ծանր էր տանում:

-Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ ձեզ:

-Դժվարանում եմ ասել: Շատ բարի եմ, նաեւ շատ խիստ:

-Տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել Սուրեն Գեղամիչ մարդը եւ Սուրեն Գեղամիչ բժիշկը:

-Ավելի նրբազգաց եմ դարձել եւ ավելի ճիշտ եմ կողմնորոշվում` որտեղ, ինչպես եւ ում պետք է օգնել: Տարիքի հետ ավելի ճիշտ եմ կողմնորոշվում նաեւ հիվանդությունների հարցում: Հաճախ եմ վիճում համակարգչային  կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մասնագետների հետ: Ցավոք, այսօր բժիշկների գերակշիռ մասը հույսը դնում է միայն սարքավորումների վրա եւ հիվանդներին չեն զննում հավուր պատշաճի:

-Ձեր կյանքի ընթացքում ի՞նչ հիվանդություններով եք հիվանդացել:

-Աֆրիկայում աշխատելու ժամանակ նյարդային գերլարվածության վիճակում էի եւ ձեռք բերեցի խոցային հիվանդություն: 20 տարի շարունակ այդ հիվանդությունը անհանգստացնում էր ինձ: Բուժումները բավականին լավ արդյունք տվեցին եւ երկար տարիներ գանգատներ չունեմ:

-Ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին:

-Շատ չարաճճի: Նույնիսկ մի քանի անգամ ինձ դպրոցից հեռացրեցին, սակայն հետո նորից վերականգնեցին: Չնայած չարաճճիությանը, լավ էի սովորում եւ դպրոցն ավարտեցի գերազանցությամբ:

-Անձնական կյանքը ինչպե՞ս է դասավորվել:

-Կինս բժշկուհի էր, իսկական ազնվական, Ղարաբաղի Մելիքներից` Մելիք-Մկրտչյան: Հիանալի մարդ, ով ինձ հասկանում էր եւ ոչ մի պահանջ չէր ներկայացնում: Դժվարություններ ենք ունեցել, ծանր պայմաններում ապրել, տեղից տեղ տեղափոխվել, սակայն նա ոչ մի անգամ չի տրտնջացել: Նվիրված կին եւ հոգատար մայր, ով 3 հիանալի զավակներ ծնեց եւ դաստիարակեց: Համատեղ ապրեցինք 55 տարի: Ցավոք նրան կորցրեցի…

Լավ ընտանիք ունենալն ուղղակի մեծ բախտավորություն է մարդու համար:

-Ինչպե՞ս եք սնվում, ի՞նչ եք նախնտրում սննդում եւ որքա՞ն հեղուկներ օգտագործում:

-Սնվելու հարցում առանձնապես կամակոր չեմ: Ինչ պատրաստում են ու առաջարկում, այն էլ ուտում եմ: Հեղուկներ շատ չեմ օգտագործում, օրական 4-5 բաժակ:

-Քնելու մասին ի՞նչ կասեք:

-Իմ կյանքում եղել են շրջաններ, երբ աշխատում էի 18 ժամ, ուստի շատ քիչ էի քնում: Հիմա աշխատանքից հետո, տուն հասնելուց եւ ճաշելուց հետո 1-2 ժամ քնում եմ, ժամը 23-ից մինչեւ ժամը 1-ը աշխատում` ասպիրանտներ ունեմ, որոնց աշխատանքները նայում եմ, ուղղումներ կատարում:

-Դուք զբաղվել եք պրակտիկ բժշկութամբ, գիտական ու մանկավարժական գործունեություն ծավալել: Ո՞ր բնագավառն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բժշկությունը: Ինչքան երկար ես աշխատում, այնքան ճիշտ ես ախտորոշում կատարում: Երբ նոր էի աշխատում, ավելի հեշտ էի ախտորոշում, սակայն նույնչափ սխալվում: Որքան մեծանում է աշխատանքային փորձը, այնքան սկսում ես կասկածել: Եվ հետո գալիս է մի տարիք, երբ արդեն ախտորոշումը կատարում ես  առանց վարանելու եւ ճիշտ:

-Սեփական աչքերով տեսել եք մարդու ուղեղը, շոշափել, ի՞նչ եք կարծում, ո՞վ է ստեղծել մարդուն եւ այդքան զարմանահրաշ ուղեղը:

-Իմ կարծիքով մենք կապիկից չենք առաջացել, այլ մի կենդանուց, որը հումանոիդ է կոչվում: Կամաց-կամաց էվոլյուցիայի ընթացքում զարգացել ենք եւ հասել այսօրվան:

-Դժվար չէ՞ր ողջ կյանքում նյարդավիրաբույժ լինել:

-Շատ դժվար էր: Վիրահատում ես 5-6 ժամ, հետո հետվիրահատական շրջան, գիշերը չես քնում, սպասում ես արդյունքի: Երբեմն էլ արդյունքը այն չի լինում, ինչ ուզում էիր… Շատ ծանր մասնագիտություն է: Բայց ստացվեց այնպես, որ ես առանց ընտրություն կատարելու դարձա նյարդավիրաբույժ, սիրեցի այդ մասնագիտությունը եւ ողջ կյանքում հավատարիմ մնացի նրան:

-Ի՞նչ ցանկություններ ունեք:

-Ես ուզում եմ, որ բժշկությունը լինի անվճար բոլորի համար:

Ուզում եմ, որ մեր հանրապետությունը շատ զարգացած տնտեսություն ունենա, եւ միշտ լինենք Հայաստանի Անկախ Հանրապետություն:

Զրուցեց Լոիսինե Ոսկանյանը