ՄԱՐԻԱՄ ՔՈԼՈԶՅԱՆ
2020թ. Մարիամը, ավարտելով Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցը, եկավ Հայկական բժշկական ինստիտուտ, իմանալով, որ այստեղ, թեեւ մասնավոր բուհ լինելուն, կա անվճար սովորելու հնարավորություն:
«Իմ ընկերուհուց, ով եւս սովորում է ՀԲԻ-ում, տեղեկացա, որ առաջին հայտով ՀԲԻ դիմելու եւ բարձր բալերով ընդունվելու դեպքում, հնարավոր է սովորել անվճար: Ուստի ջանք ու եռանդ չէի խնայում եւ պարապում էի այդ հնարավորությունից օգտվելու համար»,- պատմում է Մարիամ Քոլոզյանը:
Այսօր Մարիամը սովորում է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսում, անվճար հիմունքներով: «Ստացվեց այնպես, որ կորոնավիրուսային համա- վարակով պայմանավորված ընդունելության քննություն հանձնեցի միայն կենսաբանություն առարկայից եւ հավաքելով 19,5 միավոր, ընդունվեցի Հայկական բժշկական ինստիտուտ եւ անվճար: Դա մեծ ուրախություն էր եւ իմ, եւ մեր ընտանիքի համար»,- պատմում է Մարիամը:
Արդեն 2 տարի է, ինչ նա սովորում է գերազանց: «Խնդիրը միայն ընդունվելը չէ, պետք է նաեւ գերազանց սովորել: Իսկ դա բժշկական բուհում այնքան էլ հեշտ չէ»,- խոստովանում է Մարիամը:
Սակայն իրեն բնորոշ աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ դա նրան հաջողվում է:
Մարիամը գերազանց է սովորում նաեւ լավ բժիշկ դառնալու համար: «Անհնար է լավ բժիշկ դառնալ առանց հարուստ գիտելիքների»,- այս համոզումն ունի նա:
Ուստի այսօր էլ ապագա բժիշկը ջանասիրաբար սովորում է, որպեսզի հնարավորինս շատ
գիտելիքներ ձեռք բերի: «Հայկական բժշկական ինստիտուտում մթնոլորտը շատ լավն է, ունենք հրաշալի դասախոսներ, ովքեր պատրաստակամ մեզ գիտելիքներ են փոխանցում: Մնում է լինել պարտաճանաչ եւ սովորելու ցանկություն ունենալ»,- ասում է Մարիամը:
Իսկ թե ո՞ր առարկաներն է ամենաշատը սիրում,հարցիս, ի պատասխան, ասում է.
«Բոլորն էլ հետաքրքիր են ու պետքական լավ բժիշկ լինելու համար: Բայց ամենաշատը սիրում եմ անատոմիա, հյուսվածաբանություն, կենսաքիմիա»:
Թեեւ Մարիամը հստակ չի որոշել բուհն ավարտելուց հետո ինչ նեղ մասնագետ է դառնալու, բայց իր համար հստակեցրել է մի բան ինչ մասնագետ էլ դառնա, միմիայն լավը:
Հարցիս, թե ինչպիսի՞ն է պատկերացնում իրեն տարիներ անց որպես բժիշկ, պատասխանում է. «Եվ գիտելիքներով հարուստ ու բանիմաց, եւ հոգատար հիվանդի նկատմամբ, եւ հիվանդին հոգեբանորեն հասկացող ու աջակցող»:
Այդպիսի բժիշկների Մարիամը հանդիպել է «էրեբունի» բժշկական կենտրոնում պրակտիկաների գնալիս: Ուստի նրա երազանքներից մեկն էլ նրանց նման բժիշկ դառնալն է:
Դպրոցական տարիներին Մարիամը ցանկանում էր դառնալ կենսաբանության ուսուցչուհի, հետո սկսեց դուր գալ դիզայների աշխատանքը (Մարիամը սիրում է նկարել): Սակայն ավարտական դասարանում որոշեց ընտրել այնպիսի մասնագիտություն, որով առավելագույնը օգտակար կլինի մարդկանց: Բժշկի մասնագիտությունն ընտրելը ողջունեց նաեւ հայրը: Դասերից ազատ ժամանակ այսօր էլ Մարիամը սիրում է նկարել, կարել: «Այդպիսով մի տեսակ լիցքաթափվում եմ, հանգստանում»,- ասում է նա:
Մարիամ Քոլոզյանը մի քանի նպատակ ունի’ լավ բժիշկ դառնալ, հասարակությանը պիտանի
մարդ լինել եւ լավ ընտանիք կազմել:
Ցանկանք, որ նրա բոլոր նպատակներն իրագործվեն:
Լուսինե Ոսկանյան