Պատմական ակնարկ


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայկական բժշկական ինստիտուտը հիմնվել է 1990 թ.: Նրա հիմնադիրները երիտասարդ բժիշկներ էին: Այդ ժամանակ երկիրը  թևակոխել էր նոր տնտեսական հարաբերությունների դաշտ, ստեղծվում էին առաջին մասնավոր ձեռնարկությունները, այդ թվում նաև ոչ պետական բուհերը: Առաջինը ՄՅՈՒԴ տնտեսա-իրավաբանական ինստիտուտն էր, որի օրինակով բացվեցին և այլ իրավաբանական, տնտեսագիտական ոչ պետական բուհեր: Մասնավոր բուհերը հասկանալի պատճառներով բացվում էին այն մասնագիտություններով, որոնք խիստ պահանջարկված էին հասարակության մեջ: Բայց եթե իրավաբանական, տնտեսագիտական և այլ հումանիտար բուհերի ստեղծումը չէր պահանջում հատուկ պայմաններ՝ բավական էր ուսանողական սեղան և գրատախտակ  (և պատահական չէ, որ այդ բուհերը վարձակալում էին դպրոցական շենքերի ազատ տարածքները), ապա բժշկական կրթությունը պահանջում էր լաբորատոր պայմաններ, անատոմիկում, կլինիկա և այլ հատուկ մասնագիտական դիդակտիկ նյութեր և պայմաններ, որոնք անհրաժեշտ էին բժշկական կրթության իրականացման համար: Թերևս կազմակերպիչների երիտասարդ տարիքն էր պատճառը նման համարձակության: Քայլ առ քայլ հաղթահարվում  էին դժվարությունները:

Ինստիտուտի բացումը մեծ արձագանք ստացավ բժշկական հասարակայնության մեջ: Մի մասը զարմացած էր, մյուսը տարակուսում էր, իսկ շատերն էլ կարծում էին, որ այս ձեռնարկը կարճ ժամանակամիջոցում կտապալվի՝ բերելով բազմաթիվ հիմնավոր պատճառներ, այդ թվում նաև հիմնադիրների կրթության ոլորտի խնդիրներին անտեղյակությունը: Խիստ բացասական էր վերաբերմունքը այս ձեռնարկին ՀՀ առողջապահության նախարարության կողմից, որը ղեկավարում էր նորանշանակ նախարար Միհրան Նազարեթյանը, Երևանի պետական բժշկական համալսարանը նույնպես չէր ողջունում նոր ինստիտուտի ծնունդը: Հանրապետության առողջապահության նախարարը հայտարարեց, որ ոչնչով չի աջակցելու և հրահանգ տրվեց բուժ. հիմնարկներին չտրամադրել ինստիտուտին տարածքներ:

Այդ օրերին ՀԲԻ-ի ստեղծումը ողջունեցին եզակի բժիշկ մտավորականներ, որոնց թվում էին պրոֆեսորներ Լարիսա Դավթի Ժուռուլին՝ ով այդ ժամանակ բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտորն էր և Ռաֆայել Սամվելի Մամիկոնյանը՝ ով Երևանի պետական բժշկական համալսարանի թերապիայի ամբիոնի վարիչն էր: Նրանք գտնում էին, որ նախարարությունը և բժշկական հասարակայնությունը պետք է նպաստեն և աջակցեն երկրորդ բժշկական բուհի ստեղծմանը, որով կվերացվի մենաշնորհը և դրանից բխող բազմաթիվ անառողջ երևույթները բժշկական կրթության ոլորտում և կնպաստի բժշկական կրթության զարգացմանը:

Այդ տարիներին Երևանում գործում էր ՍՍՀՄ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող միութենական վիրաբուժության ինստիտուտի մասնաճյուղը, որը ղեկավարում էր ակադեմիկոս Ալեքսանդր Միքայելյանը: Սա եզակի բժշկական կառույց էր, որը դուրս էր մեր հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությունից: Լարիսա Ժուռուլիի միջնորդությամբ հնարավոր դարձավ համոզել պրոֆեսոր Միքայելյանին մեր ձեռնարկի լրջության մեջ, նա համաձայնվեց տարածքներ տրամադրել Հայկական բժշկական ինստիտուտին վարձակալական հիմունքներով: Վիրաբուժության գիտա­հետազոտական ինստիտուտը, որը ստեղծել էր երջանկահիշատակ պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանը, լինելով ՍՍՀՄ ԱՆ ենթակայության և ֆինանսավորման ներքո, այդ տարիների համար, ուներ բավականին լավ և շքեղ թե՛ լսարանային, և թե՛ լաբորատոր պայմաններ: Վիրաբուժության ինստիտուտի գիտահետազոտական բաժնում աշխատում էին բանիմաց գիտնական բժիշկներ, ովքեր էլ դարձան Հայկական բժշկակական ինստիտուտի առաջին դասախոսները: Անատոմիայի ամբիոնի հիմնադիրը դարձավ փորձառու անատոմ՝ դոցենտ Ալեքսանդր Սարաֆյանը, հյուսվածաբանության ամբիոնը հիմնեց պրոֆեսոր Ալեքսանդր Ալլավերդյանը, լատիներեն լեզվի դասընթացը կազմակերպեց և ղեկավարեց պրոֆեսոր Հակոբ Առաքելյանը, բժշկական քիմիայի ամբիոնը՝ ակադեմիկոս Ազատ Նորավյանը, բժշկական ֆիզիկան՝ դոցենտ Լևոն Դադիվանյանը:

ՀԲԻ-ի առաջին ուսանողները ընդունվեցին խիստ մրցույթով: Ուսումնառությունն էլ կազմակերպվեց հնարավորինս լավ՝ ձգտելով լինել անաչառ և ոչնչով չզիջել և անգամ փորձել գերազանցել պետական բժշկական համալսարանը: Ուսումնական գործընթացը ղեկավարում էր փորձառու մանկավարժ՝ ՀԲԻ-ի պրոռեկտոր,  պրոֆեսոր Լ.Դ.Ժուռուլին: Քանի, որ դասերը անցկացվում էին հիվանդանոցի շենքում, ուսանողները առաջին իսկ օրից շփվում և ծանոթանում էին կլինիկայի մթնոլորտին, բժշկի ծանր և հաճախ ոչ շնորհակալ, խիստ պատասխանատու աշխատանքին: Այդ տարիներին առաջին կուրսի ծրագրում ներդրվեց նոր առարկա՝ ՙՙմասնագիտության ներածություն՚՚:  Դասընթացը վարում էր փորձառու բժիշկ – մանկավարժ, լայն մտահորիզոն ունեցող գիտնական Ռաֆայել Մամիկոնյանը: Ծրագիրը կազմված էր անատոմիայի և հյուսվածաբանության առարկայական ծրագրերին համահունչ: Նպատակն էր ծանոթացնել ուսանողներին մարդու ախտաբանական վիճակների հետ և փորձել բացատրել ու հիմնավորել, թե ինչու՞ բժիշկը պարտավոր է ուսումնասիրել, իմանալ, պատկերացնել, հաճախ նաև անգիր սերտել մարդու կառուցվածքը: Ոսկրաբանության բաժինը ուսումնասիրելիս Ռաֆայել Սամվելիչը ծանոթացնում էր ուսանողներին վնասվածքների և նրանց բարդությունների ու ոսկրային համակարգի այլ հիվանդությունների հետ, մարսողական համակարգը ուսումնասիրելիս նա ներկայացնում էր այս բաժնի պաթոլոգիաները՝ կապ և հիմնավորում ստեղծելով անատոմիայի և ֆիզիոլոգիայի հետ:

Ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը մշակելիս ուշադրություն էր դարձվում պահպանելու գիտելիքի ձևավորման հաջորդականությունը, համակարգային մտածողության, ասել է թե, կլինիկական մտածողության ձևավորումը սաների մոտ:

Փորձ արվեց խախտել անջրպետը բժշկատեսական և կլինիկական առարկաների միջև: Ուսումնական պլանը կառուցվել էր զսպանակի պես: Տեղեկատվությունը կրկնվում էր ամեն աստիճան բարձրանալիս, սակայն նորովի, ավելի ու ավելի խորը: Ստեղծվել էին միջառարկայական խորհուրդներ: Մենք հրաշալի հասկանում էինք, որ անհրաժեշտ է նոր խոսք ասել, անիմաստ է կրկնել եղածը: Բնականաբար մեզ համար շատ ավելի հեշտ էր, քանի որ կար Երևանի պետական բժշկական համալսարանը, բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտը, որոնց հարուստ փորձի և ավանդույթների վրա հենվեցինք: Իսկ այս հաստատությունները արդարացիորեն համարվում էին ՍՍՀՄ առաջատար ուսումնական հիմնարկներ:

Կամուրջ ստեղծելու համար բժշկա-կենսաբանական և կլինիկական առարկաների միջև մշակվեցին մի շարք առարկայական ծրագրեր, որոնք մատուցվում էին բարձր կուրսերում: Դրանցից էին կլինիկական կենսաքիմիա – հիմնադիր պրոֆեսոր Նուբար Ասլանյան, կլինիկական իմունոլոգիա – հիմնադիր պրոֆեսոր Վալենտինա Ներսիսյան, կլինիկական անատոմիա – հիմնադիր դոցենտ Ալեքսանդր Սարաֆյան, կլինիկական ֆարմակոլոգիա – հիմնադիր Էդուարդ Սեկոյան, ընդհանուր պաթոլոգիա սեկցիոն ծրագրով – հիմնադիր պրոֆեսոր Ալեքսանդր Ալլավերդյան:

Հետաքրքիր ծրագիր մշակվեց հոգեկան առողջության առարկայի դասավանդման առումով: Ուսանողներին երկրորդ կուրսից դասավանդվում էր ընդհանուր հոգեբանություն, այնուհետև անցնում էին սթրեսոլոգիա, հետո բժշկական հոգեբանություն և հոգեբուժություն: Ծրագրի հեղինակ և հիմնադիր, պրոֆեսոր Ադա Թադևոսյան: Որպես ինքնուրույն առարկա, բավական ժամերով, ուսումնական պլանում ներկայացված էր իմունոլոգիա առարկան: Ծրագրի հեղինակ և ամբիոնի հիմնադիր, ակադեմիկոս Յուրի Ալեքսանյան: Որպես ինքնուրույն առարկա, բավարար ժամերով մատուցվում էր վիրուսաբանությունը: Ծրագրի հեղինակ և հիմնադիր, պրոֆեսոր  Գայանե Տեր-Անդրիասյան: Այս ամենը նորույթ էր մեզանում և առաջին անգամ էր ներկայացվում հանրապետության բժշկական կրթության համակարգում:

Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը որոշում կայացրեց արգելել իր աշխատակիցներին աշխատել այլ բուհերում: Այս հանգամանքը նպաստեց մեզ ձևավորել սեփական դասախոսական կազմ: Հանրապետությունում բազմաթիվ բժշկական ուղղվածության գիտահետազոտական հաստատություններ կային, ուր աշխատում էին հեղինակավոր և վաստակաշատ գիտնականներ: ՀԲԻ-ն համագործակցության պայմանագրեր կնքեց այդ գիտահետազոտական հաստատությունների հետ, որոնց բազայի վրա կազմավորվեցին ինստիտուտի ամբիոնները: Գիտահետազոտական հիմնարկների լավագույն աշխատակիցներից էլ ընտրվեց մեր դասախոսական կազմը, որոնցից շատ-շատերը հրաշալի մանկավարժներ դարձան: Այդ շարքին էին պատկանում համաճարակաբանության ինստիտուտը, ուր հիմնվեցին վիրուսաբանության, իմունաբանության, մանրէաբանության և պարազիտաբանության ամբիոնները: Յոլյանի անվան արյունաբանության ինստիտուտը, որի բազայի վրա ձևավորվեց և մեր հանրապետությունում առաջին անգամ բուհական համակարգում դասավանդվեց կլինիկական իմունոլոգիա, հեմատոլոգիա և տրանսֆուզիոլոգիա առարկաները: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը, ուր հիմնադրվեց և սկսվեց դասավանդվել մարդու նորմալ ֆիզիոլոգիա առարկան, ամբիոնը ղեկավարում էր փորձառու գիտնական ակադեմիկոս Հովհաննես Բակլավաջյանը: Նուրբ օրգանական ինստիտուտի բազայից ընտրվեցին բժշկական քիմիայի և ֆարմակոլոգիայի թիմը: ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հենքի վրա ձևավորվեց կենսաքիմիայի ամբիոնը, հիմնադիր և ղեկավար ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյան: Այս ձևով իրապես հնարավոր դարձավ ապահովել գիտության և կրթության կապը: Ուշադրություն էր դարձվում ուսանողների հետազոտական մտածողության ձևավորմանը և նրանցից շատերը դասերի ավարտից հետո մնում էին լաբորատորիաներում օգնելու իրենց դասախոս ասիստենտներին հետազոտական աշխատանքներում և պատահական չէր, որ մեր առաջին իսկ ուսանողական գիտաժողովը շատ ավելի ներկայացուցչական եղավ քան վերջին տարիներինը:

1991-1992 ուսումնական տարուց Հայկական բժշկական ինստիտուտը տեղափոխվեց ՙՙԷրեբունի՚՚ բժշկական կենտրոն, ուր գտնվում է մինչ օրս: ՙՙԷրեբունի՚՚ կլինիկական հիվանդանոցը հանդիսանում է ինստիտուտի գլխավոր կլինիկական բազան: 1991թ. թեպետ նախարարության արգելքը պահպանվում էր, բայց կարելի է ասել, որ սառույցը կոտրվել էր: Երևվան քաղաքի առողջապահության վարչության պետ նշանակվեց Արմեն Սարգսյանը, ով հովանավորում էր նոր նախաձեռնությունները և ավելի ազատական մտածողություն ուներ: Նրա և ՙՙԷրեբունի՚՚ հիվանդանոցի նորանշանակ, մեր բարեկամ և սերնդակից, գլխավոր բժիշկ Հարություն Քուշկյանի բարի կամքի շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ ՀԲԻ-ի տեղափոխումը ՙՙԷրեբունի՚՚ կլինիկական բազա: Այստեղ Հայկական բժշկական ինստիտուտին տրվեցին ավելի լայն հնարավորություններ: Էրեբունի հիվանդանոցի բազայի վրա ծավալվեցին հիմնական կլինիկական առարկաների դասավանդումը: Առաջին անգամ մեզանում ՙՙներքին հիվանդություններ՚՚ առարկան սկսվեց դասավանդվել ոչ թե ֆակուլտետային, հոսպիտալային թերապիայի ծրագրով, այլ առանձնացված, իբրև ինքնուրույն ծրագրեր՝ պուլմոնոլոգիա, կարդիոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա, նեֆրոլոգիա և այլն: Կլինիկական ամբիոնների գործունեությունը համակարգում էր փորձառու և բանիմաց պրոֆեսոր Ռաֆայել Սամվելի Մամիկոնյանը: Կլինիկական առարկաների ժամերը ավելացված էին գրեթե երկու անգամ, ի տարբերություն այն տարիների պետական ուսումնական պլանի: Դա հնարավոր էր դարձել անիմաստ ոչ մասնագիտական հումանիտար առարկաների ծավալի կրճատման, և պարտադիր ուսումնական օր էր նաև շաբաթը:

Ուսումնական ծրագրերը քննարկվում և մշակվում էին միջամբիոնային հանձնաժողովների կողմից՝ հաշվի առնելով գոյություն ունեցող մոսկովյան բուհերի առարկայական ծրագրերը և բժիշկների կատարելագործման մասնագիտական ունիֆիկացված ծրագրերը: Քանի, որ շատ  մեր դասախոսներ հրավիրված էին բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտից, նրանք հրաշալի գիտեին, թե բժիշկների բուհական ծրագրերում ինչ բացեր և թերություններ կան: Այս մասնագետները բարձր պրոֆեսիոնալներ էին և մեծապես նրանց շնորհիվ էր, որ ձևավորվեց առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Կուզենայի թվարկել նրանց ազգանունները. Ֆտիզիատրիա – պրոֆեսոր Ելենա Ստամբոլցյան, մանկաբարձություն-գինեկոլոգիա – պրոֆեսոր Մեդեա Վարդանյան, նեֆրոլոգիա – դոցենտ Էռա Եզդանյան, գաստրոէնտերոլոգիա – դոցենտ Ռուբեն Եղիշյան, ռևմատոլոգիա – դոցենտ Արմինե Հարոյան, վիրաբուժություն – պրոֆեսոր Զարե Տեր-Ավետիքյան և դոցենտ Յուրի Ախնազարով:

Թեպետ ժամանակները ծանր էին՝ պատերազմ, մութ և ցուրտ տարիներ, պարենի պակաս, անասելի ինֆլացիա, բայց բոլորի մեջ՝ թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների, կար հավատ, ձևավորվել էր փոխադարձ վստահության, հարգանքի և սիրո մթնոլորտ, ու պատահական չէր, որ առաջին տարիների շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության որակն ու մակարդակը չափազանց բարձր էր:

Առաջին ավարտական քննությունների նախագահ հրավիրվեց պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր, օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լևոն Նիկիտի Մկրտչյանը: Նա հաճելիորեն զարմացած էր և ապշած ուսանողների գիտելիքներով, նրանց վերլուծական մտածողությամբ և պատրաստվածությամբ: Շրջանավարտներին տրվեցին Հայկական բժշկական ինստիտուտի դիպլոմներ: Դա 1996 թիվն էր: Եվ ահա նոր խոչընդոտ: Պարզվեց, որ մեր առողջապահության նախարարությունը չի ճանաչում այդ դիպլոմները և այս երեխաներին արգելվում է թե՛ աշխատանքի անցնել, թե՛ ընդունվել օրդինատուրա մասնագիտացման համար: Սկսեց դատական քաշքշուկների հերթական փուլ: Մենք, իհարկե, հաղթեցինք այդ մրցապայքարում, քանի որ մեր գործը արդար էր, և մեր հետևում հարյուրավոր հայ երեխաներ էին, ովքեր իրենց երկրում պետության կողմից արտոնագրված բուհում կրթություն էին ստացել, սակայն նույն պետության մեկ այլ նախարարություն չէր ճանաչում դիպլոմները: Սա դարձավ պատճառ, որ շատ շրջանավարտներ՝ այդ առաջին փայլուն սերնդից, տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն, ուր անցան աշխատանքի, ավարտեցին օրդինատուրա, նրանցից ոմանք էլ ասպիրանտուրա, և ցավոք շատերը չվերադարձան: Նրանք, ովքեր համառեցին և մեզ հետ շահեցին դատը, մասնագիտացումն անցան Ազգային առողջապահության ինստիտուտում և այժմ արդեն երկու տասնամյակի փորձ ունեցող բժիշկներ են և հաջողությամբ աշխատում են մեր հանրապետության առողջապահական համակարգի տարբեր ոլորտներում:

2001 թվին ինստիտուտը ստացավ պետական հավատարմագիր N 008: Միակ բժշկական բուհն էր, որ ամբողջովին հավատարմագրվեց: Այդ օրվանից մինչ օրս բուհը շրջանավարտներին շնորհում է պետական նմուշի դիպլոմներ: Բուհի նյութատեխնիկական բազան ավելացել է: Բուհն ունի սեփական մասնաշենք, ուսումնական մաս, դեկանատներ և այլ վարչակառավարման կառույցներ: Բայց իմ հիշողության մեջ մնում են հարազատ  90-ականների սկիզբը և ուսանողների առաջին սերունդները, ում հետ միասին դրեցինք հիմքերը, ձևավորեցինք ավանդույթներ, որոնց վրա հիմնվում և շարունակում է իր գործունեությունը Հայկական բժշկական ինստիտուտը:

                                        Լևոն Գեղամի Ասատրյան