ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀԲԻ-ն հիմնադրվել է 1990 թվականին: Հանդիսանում է առաջին մասնավոր բժշկական բուհը հետխորհրդային տարածքում: Պետության կողմից հավատարմագրվել է 2001 թ-ին:
Ինստիտուտում աշխատում են շուրջ 150 բարձրակարգ մասնագետներ՝ գիտություների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում՝ բժշկագիտության զարգացման գործում: ՀԲԻ-ում գործում են 54 ամբիոններ և ցիկլեր: ՀԲԻ-ի ամբիոնները տեղակայված են իր սեփական մասնաշենքում և 25 կլինիկական բազաներում, որոնք հանդիսանում են հանրապետության առաջատար բժշկական կենտրոնները: «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցը հանդիսանում է ինստիտուտի գլխավոր ուսումնա-արտադրական բազան, որտեղ ուսանողները ստանում են արժեքավոր գիտելիքներ և պրակտիկ փորձ: Հիվանդանոցը հնարավորություն է ընձեռում ուսանողներին փորձ ձեռք բերել կլինիկաներում, պոլիկլինիկաներում, լաբորատորիաներում և ախտորոշիչ կենտրոններում: ՀԲԻ-ում գործում են երկու ֆակուլտետներ՝ Բուժական և Ստոմատոլոգիական:
2015թ-ին լրացավ ՀԲԻ-ի գործունեության 25 տարին: Այս տարիների ընթացքում բուհը կրթել և դաստիարակել է բժիշկների մի քանի սերունդ, ովքեր քննություն են բռնել մեր երկրում և նրա սահմաններից դուրս: Բուհի շրջանավարտներից շատերը պաշտպանել են թեկնածուական թեզեր: Նրանցից ոմանք դասավանդում են հարազատ բուհում: ՀԲԻ-ում գործում է ուսանողական խորհուրդ, որը ներկայացնում է ուսանողների խնդիրները:
ՀԲԻ-ն հրատարակում է «Էրեբունի» ամսաթերթը, որի նպատակն է լուսաբանել ինստիտուտի կյանքը և իրադարձությունները: Ինստիտուտի կառավարման գլխավոր մարմինը տնօրենների խորհուրդն է: Ինստիտուտի գործունեությունը կառավարում է ռեկտորը: Ֆակուլտետի կառավարումը իրականացվում է դեկանների կողմից: Բուհում գործում է կրթության որակի ապահովման կենտրոնը: Ինստիտուտի ուսումնա-գիտական աշխատանքը ղեկավարում է ինստիտուտի գիտական խորհուրդը: ՀԲԻ-ը ձգտում է արմատավորել առաջադեմ կրթական ծրագրեր եւ մեթոդներ, ձեւավորել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: