Մեր շրջանավարտ Դավիթ Գալստյանն այս օրերին աշխատում էր Մասիսի հիվանդանոցում ու շատ բուժաշխատողների նման իր կարևորագույն աշխատանքն է կատարել: Օրեր առաջ, սակայն, նրա մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակը, ու նա այս օրերին բուժվում է համավարակից: Նա անհամբեր կերպով սպասում է նորածին դստեր հետ հանդիպմանը, ում դեռ չի էլ հասցրել տեսնել: միաժամանակ, բավականին բարձր պատրաստակամության զգացումով, սպասում է թեստի պատասխանին, որպեսզի դստերը տեսնելուց հետո էլի անցնի իր բժշկական գործունեությանը:
Հաջորդիվ ներկայացնում ենք Դավիթի հետ ունեցած News.amի լրագրողի հարցազրույցը: Մաղթում ենք նրան շուտափույթ առողջություն, դստերն հնարավորինս շուտ տեսնելու և ամուր գրկելու, որպես բժիշկ իր առաքելությանն օր առաջ անցնելու հնարավորություն:
Կորոնավիրուսով վարակված բժիշկ 32-ամյա Դավիթը շաբաթներ առաջ հայր է դարձել, բայց առաջնեկ դստերը մինչեւ այսօր տեսնել չի կարողացել | News.am ԿԱՐԵՎՈՐ
Կորոնավիրուսով վարակված բժիշկ 32-ամյա Դավիթը շաբաթներ առաջ հայր է դարձել, բայց առաջնեկ դստերը մինչեւ այսօր տեսնել չի կարողացել | News.am
32-ամյա Դավիթը շաբաթներ առաջ հայր է դարձել, բայց առաջնեկ դստերը մինչեւ այսօր տեսնել չի կարողացել։ Դստեր ծնվելու նախորդ օրը՝ մարտի 17-ին, Մասիսի հիվանդանոցում սկսվել էր նրա ամենաերկար հերթապահությունը։ Պանդեմիայի առաջնագծից վտանգը տուն տանելու մտավախությունից հենց այդ օրը, երբ մարզում վարակի բռնկում սկսեց, «Շտապօգնության» մի քանի բժիշկներով որոշեցին տուն չգնալ եւ անցնել գրեթե շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։
«Միայն մի քանի ընկերներով ենք զբաղվել կորոնավիրուսի դեպքերով։ Գաղափարն այն էր, որ բժիշկների միայն մի մասը լիներ ռիսկային գոտում։ Որոշեցինք մնալ հիվանդանոցում, որպեսզի չվարակենք մյուսներին, ընտանիքի անդամներին։ Մեզանից երկուսը մեկուսացած, առանձին սենյակում էին նստում, ստուգում հիվանդներին, մենք էլ գնում էինք կանչերի, եթե կարիք կար, տանում էինք Նորքի ինֆեկցիոն։ Կազմել էինք մեր սեփական փոքրիկ շտաբը, այն մարդիկ, որոնք առնչություն էին ունեցել դեպքերի հետ, կամ ունեին գանգատ, մեր մյուս աշխատակիցները տվյալներ էին վերցնում, զանգում, ճշտում էին, կոնկրետ հասցեներով էլ ես էի գնում»,- հիշում է Դավիթը։
Ճգնաժամային պայմաններում բժշկի առաքելությունը երկար ժամանակ իրականացնել Դավիթը չկարողացավ. վեց օր անց նրա մոտ ի հայտ եկան վիրուսի առաջին ախտանշանները՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ջերմություն։ Այս անգամ «Շտապօգնության» մեքենան արդեն որպես պացիենտի Դավիթին տարավ «Նորքի» ինֆեկցիոն, որտեղ էլ թեստի դրական պատասխանով ընդհատվեց նրա ամենաերկար հերթափոխը։ Բայց մասնագիտական պարտքը կատարելու տարբերակ Դավիթն այստեղ էլ գտավ։ Երբ երկրորդ օրվանից նրա մոտ հիվանդության ախտանիշները վերացան, խնդրեց իրեն տեղափոխել Օրթոպեդիայի ինստիտուտ, որտեղ արդեն 10 օր է՝ հաղթահարում է վիրուսը այն հիվանդների հետ, որոնց ինքն անձամբ էր աշխատանքի օրերին ինֆեկցիոն կենտրոն տեղափոխել։
«Փորձում եմ հնարավորինս օգտակար լինել այստեղ գտնվողներին։ Բուժանձնակազմն էլ է տեղյակ, մարդիկ ինչ-որ տեղ անգամ հանգիստ են, որ գիտեն՝ այս հարկում իրենց կոլեգաներից կա։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ առաջին բուժօգնություն ցույց տալ»,- նշում է նա։
Դավիթի ինքնազգացողությունը լավ է, ոչ մի դեղորայք չի ընդունում սիմպտոմների բացակայության պատճառով։ Կարծում է՝ եթե կորոնավիրուսը պանդեմիա չլիներ, միգուցե ինքն էլ ուշադրություն չդարձներ թեթեւ ախտանիշներին, բժշկի չդիմեր։
«Աննշան, միայն մեկ օր տեւեց իմ մոտ այդ վիճակը, դրանից 10 օր է անցել, ոչ մի գանգատ չեմ ունեցել։ Միակ բացասականն այն է, որ շատ արագ է տարածվում, եւ կան մարդիկ, որոնք խոցելի են, նրանց համար կարող է խնդիրներ առաջացնել»,- ասում է նա։
Դավիթը հիմա օրերն է հաշվում՝ չորս օր անց կրկին թեստ կհանձնի ու բացասական պատասխանի դեպքում կգնա նախ դստերը տեսնելու, ապա՝ կրկին աշխատանքի։ Ասում է՝ այն ժամանակ էլ «գիտակցել է, հասկացել, որ ինքն էլ կարող է վարակվել, բայց դա խոչընդոտ չի եղել, աշխատանքի է գնացել, որ իր փոքրիկ ներդրումը ունենա համավարակի դեմ պայքարում»։
Նյութի սկզբնաղբյուրը՝ News.am Հեղինակ՝ Գայանե Ալեքսանյան