Լարիսա Դավթի Ժուռուլի- բժշկական գիտությունների դոկտոր. պրոֆեսոր
1992- 2000թ.թ. հիմնադրել և ղեկավարել է Հայկական Բժշկական Ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը: Գիտական աշխատանքները նվիրված են թթվակայուն միկրոբակտերիաների դեղորայքային կայունության հարցերին:
Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:
1947թ. մինչեւ 1966թ. պրոֆեսոր Լ.Դ. Ժուռուլին աշխատել է ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող, ապա լաբորատորիայի ղեկավար: 1966 թվականին նա հրավիրվել է աշխատանքի ՍՍՀՄ ԱՆ բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտ, որպես ուսումնական գծով պրոռեկտոր: Այս պաշտոնին նա աշխատեց 23 տարի:
1990 թվականից պրոֆեսոր ժուռուլին մեծ ավանդ ունեցավ ՀԲԻ-ի կազմավորման գործում:1994թ. պրոֆեսոր Լ.Դ.Ժուռուլին շնորհվեցՀԲԻ-ի Պատվավոր Պրոֆեսորի Doctor honoris causa կոչում: Մինչև իր կյանքի վերջը 2000 թվականը նա հանդիսացավ ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտորը:
Ղարագյոզյան Կոնստանտին Գրիգորի -բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
1991-2013թ.թ. հիմնադրել և ղեկավարել է Հայկական Բժշկական Ինստիտուտի կենսաքիմիայի եւ կլինիկական կենսաքիմիայի ամբիոնը: Հանդիսացել է նեյրոքիմիկոսների Հայկական ընկերության նախագահ, «Նեյրոքիմիա» (Մոսկվա) հայ-ռուսական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ: Կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, ուղեղի հետազոտությունների (JBRO –International Brain Berearch Organisation) բնագավառներում միջազգային գիտական ընկերությունների անդամ էր (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա): Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի փոխպրեզիդենտն էր (փոխնախագահը): Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» դիպլոմով եւ մեդալով, ինչպես նաեւ «Ռենտգենի», «Գիտության ասպեկտ», «Պալադինի», «Սիսակյանի», «Ռոբերտ Կոխի» եւ այլ միջազգային դիպլոմներով եւ մեդալներով: Հեղինակ է 580 հրատարակված աշխատությունների, 2 մենագրության: Ունի 4 հեղինակային անդորագիր, որոնք վերաբերվում են թոքերի տուբերկուլյոզի կլինիկական-փորձագիտական հետազոտություններին :
Հետազոտության բնագավառը
Հայաստանում լիպիդոլոգիական հետազոտությունների հիմնադիրն է: Օրգանիզմի կենսաբանական համակարգերի ֆունկցիոնալ ակտիվության համար նորմայում եւ պաթոլոգիայում ֆոսֆոլիպիդների մասնակցության մոլեկուլային մեխանիզմների հետազոտությունը:
Մամիկոնյան Ռաֆայել Սամվելի – գիտությունների վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1990-1995թ.թ. հանդիսացել է ՀԲԻ-ի պրոռեկտոր կլինիկայի գծով:
1950 թվականին ավարտել է ԵՊԲԻ եւ նույն թվականին ընդունվել է ԵՊԲԻ-ի ասպիրանտուրա թերապիայի մասնագիտությամբ, որն ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզ եւ անցել աշխատանքի ԵՊԲԻ-ի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում: 1967թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1968-95թթ. բ.գ.դ. պրոֆ. Ռ.Ս.Մամիկոնյանը եղել է ԵՊԲԻ-ի №1 ամբիոնի հիմնադիրը և ղեկավարը:1973-80թ.թ. Ռ.Ս. Մամիկոնյանը եղել է ԵՊԲԻ բուժական ֆակուլտետի դեկան:
Պրոֆ. Ռ.Ս.Մամիկոնյանը նեֆրոլոգիայի հիմնադիրներից է Հայաստանում: Բազմաթիվ հոդվածների եւ մենագրությունների հեղինակ է:
Ունենալով մեծ մանկավարժական եւ բժշկագիտական փորձ պրոֆեսոր Մամիկոնյանը զգալի ավանդ ունեցավ ՀԲԻ-ի ձեւավորման եւ զարգացման գործում:
Ալեքսանդր Գրիգորիի Ալլավերդյան-բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ավարտել է գերազանցությամբ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Այնուհետեւ սովորել է ասպիրանտուրայում, Մոսկվայի N 1 Սեչենովի անվան բժշկական ինստիտուտում, աշխարհահռչակ պրոֆեսորներ` Աբրիկոսովի եւ Ստրուկովի մոտ: 1953թ. պրոֆեսոր Ա. Ալլավերդյանը պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1971թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: Նույն թվականին ՍՍՀՄ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Պրոֆեսոր Ա.Ալլավերդյանը հանդիսացել է հանրապետության ախտաբանական անատոմիայի դպրոցի հիմնադիրներից: Նա երկար տարիներ հանդիսացել է հանրապետության ԱՆ գլխավոր պաթոլոգո-անատոմը: Նրա ղեկավարությամբ պատրաստվել եւ պաշտպանության է ներկայացվել 40-ից ավելի թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ:
Իր մանկավարժական գործունեությունը Ա.Ալլավերդյանը սկսել է դեռ երիտասարդ տարիներից Երեւանի պետական բժշկական ինստիտուտում, այնուհետեւ բժիշկների կատարելագործման Երեւանի ինստիտուտում:
Պրոֆեսոր Ա.Ալլավերդյանը լինելով իսկական մտավորական, գիտնական, մանկավարժ առաջին ջատագովներից դարձավ Հայկական բժշկական ինստիտուտի: ՀԲԻ-ի հիմնադրման օրվանից` 1990թ-ից պրոֆեսոր Ա.Ալլավերդյանը իր գիտելիքները եւ բոլոր հնարավորությունները ներդրեց ՀԲԻ-ի ձեւավորման գործում:
ՀԲԻ-ի հիմնադրման գործում ակնառու ծառայությունների համար 1993թ. պրոֆեսոր Ա.Ալլավերդյանին շնորհվեց Պատվավոր պրոֆեսորի Dօctor հօnօris causa կոչում եւ հաստատվեց նրա անվամբ կրթաթոշակ: Նա մինչև իր կյանքի վերջը ղեկավարեց ՀԲԻ-ի ախտաբանական անատոմիայի ամբիոնը:
Խաչատրյան Սահակ Հայրիկի – բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2004-2016թ.թ. ղեկավարել է Հայկական Բժշկական Ինստիտուտի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնը , գիտության վաստակավոր գործիչ էր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ (փոխնախագահ):
1997 թվականին արժանացել էր «Տարվա մարդ» կոչմանը (ԱՄՆ): Պաթոֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահն էր Հայաստանում:
Պարգեւատրվել է «Պուրկինյե»-ի (1972թ., Չեխոսլովակիա), «Հանս Սելյե»-ի (1976թ., Կանադա), «Ջանելիձե»-ի (1985թ., ԽՍՀՄ ԲԳԱ) մեդալներով:
Հետազոտության ոլորտը
Ռեանիմատոլոգիայի պաթոֆիզիոլոգիական հիմունքները
Օրգանիզմի մահացման եւ վերակենդանացման մեխանիզմների հետազոտությունները
Գիտական գործունեությունը
Առաջին անգամ իր մեթոդը (ինսուլինը գլյուկոզայի հետ միասին) կիրառվել է հետռեանիմացիոն թերապիայում: Հեղինակ է 2 պաթոֆիզիոլոգիայի դասագրքի, «Ռեանիմատոլոգիայի պաթոֆիզիոլոգիական հիմունքները» մենագրության, 500–ից ավելի հրատարակված աշխատությունների, 20 գյուտի և ռացիոնալիզատորական առաջարկությունների:
Վահրամ Միհրանի Մուսաելյան – բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր
Վ.Մ.Մուսաելյանը 1994թվականին հիմնել եւ մինչեւ 2010թվականը ղեկավարել է ՀԲԻ-ի դատական բժշկության ամբիոնը: 1954թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը եւ անցել աշխատանքի Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում, սկզբում որպես շրջանային, դատաբժշկական փորձագետ, ապա դիակների փորձաքննության բաժնի վարիչ: 1976թ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննության հանրապետական բյուրոյի ղեկավար, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր դատաբժշկական փորձագետ: Շուրջ 17 տարի նա ղեկավարել է դատաբժշկական ծառայությունը հանրապետությունում: Պրակտիկ աշխատանքը հաջողությամբ զուգակցելով գիտա-մանկավարժական գործունեության հետ, հրապարակել է դատական բժշկության տարբեր բաժինների արդիական հարցերով աշխատանքներ, որոնցից հիմնականը նվիրված է դատաբժշկական վնասվածքաբանությանը, սեքսոլոգիային, թունաբանությանը, տարիքի որոշման փորձաքննությանը: 1965թ-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977թ-ին դոկտորական ատենախոսություններ: Վ.Մ.Մուսաելյանը աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս զեկուցումներով հանդես է եկել դատական բժիշկների գիտական ընկերությունների, նստաշրջաններում, գիտաժողովներում եւ կոնֆերանսներում: 1991թ.ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ նշանակվել է գիտական խորհրդի անդամ դատական բժշկության գծով: 1982թ. դատական բժիշկների համագումարում ընտրվել է դատական բժիշկների համամիութենական գիտական ընկերության վարչության նախագահության կազմում: Երկար տարիներ Վ.Մ.Մուսաելյանը ղեկավարել է դատական բժիշկների հայկական գիտական ընկերության վարչությունը, իսկ մինչեւ 1993թ. ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ատեստացիոն հանձնաժողովը:
Նորավյան Ազատ Սողոմոնի -քիմիական գիտությունների դոկտոր , ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
1990-2015 ղեկավարել է Հայկական Բժշկական Ինստիտուտի ընդհանուր եւ բիոօրգանական քիմիայի ամբիոնը:
Քիմիկ – օրգանիկ էր, նեյրոքիմիկոս, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ եւ Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
Ուսումնասիրման բնագավառը:
Հիմնական աշխատանքները նվիրված էին ազոտ, ծծումբ եւ թթվածին պարունակող մոնո եւ բազմաօղակ հետերոցիկլերի սինթեզին եւ նրանց ստացման համար նոր եղանակների մշակմանը, ինչպես նաեւ ստացված նյութերի կառուցվածքի եւ կենսաբանական ակտիվությունների միջեւ եղած կապի ուսումնասիրությանը, կենտրոնական նյարդային համակարգի վրա ներգործող բնական ալկալոիդների հետերոնմանակների քիմիայի ուսումնասիրությանը:
Գիտական գործունեությունը
Հայտնագործել եւ ուսումնասիրել է ազոտ, ծծումբ եւ թթվածին պարունակող 6 անդամանի հետերոցիկլիկ կենտրոնների փոխադարձ անցման ռեակցիան: Նրա կողմից առաջարկվել է կոնդեսացված հետերոցիկլիկ միացությունների մոտ գոյություն ունեցող օպտիմալ բիոդոնորության կոնցեպցիան, որը անհրաժեշտ պայման է հոգեմետ ակտիվությունների ցուցաբերման համար:
Ստամբուլցյան Ելենա Պարույրի – բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1997-2011թ.թ. ղեկավարել է Հայկական Բժշկական Ինստիտուտի ֆտիզիատրիայի ամբիոնը:
Հետազոտության բնագավառը
Տուբերկուլյոզի դեպքում սիրտ-անոթային համակարգի փոփոխությունների եւ «Դիլիջան» լեռնա-կլիմայական առողջարանում բուժման դինամիկայի հետազոտությունները:
Տուբերկուլյոզի հիմնախնդիրները Ալժիրում:
Գիտական գործունեությունը
Ունի 108 տպագրված աշխատություն, 2 դասագիրք, որից մեկը` հայերեն լեզվով, տուբերկուլյոզի բուժման համար ռացիոնալիզատորական առաջարկություն եւ 4 մեթոդական մշակումներ: Եղել է 3 թեկնածուական թեզերի ղեկավար : Վերջին տարիներին զբաղվում էր տուբերկուլյոզի համաճարակաբանությամբ, կլինիկայի եւ բուժման հարցերով: Պատրաստել է 54 կլինիկական օրդինատորներ, որոնք արդյունավետ աշխատում են Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում եւ մարզերում: Լ.Պ.Ստամբոլցյանի ասպիրանտները զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի գիտա-հետազոտական ինստիտուտներում:
Վարդանյան Մեդեյա Մկրտիչի – բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1993-2012թ.թ. ղեկավարել է Հայկական Բժշկական Ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնը
Հետազոտության բնագավառը
Պտղի վրա մոր հիպերտրոֆիկական հիվանդության ազդեցության կլինիկական եւ ֆիզիոլոգիական բնութագիրը:
Պտղի զարգացման ներարգանդային հապաղման համախտանիշը:
Ընկերքային անբավարարության դեպքում պրոֆիլակտիկայի եւ բուժման հնարավոր ուղիները:
Ընկերքային անբավարարության էքսպերիմենտալ մոդելավորումը:
Ներարգանդային զարգացման հապաղում տարած երեխաների ֆիզիկական սեռական զարգացումը:
Գիտական գործունեությունը
Առաջին անգամ հիմնավորել է արգանդային անբավարության նշանակությունը եւ ստեղծել էքսպերիմենտալ մոդել: Զբաղվել է երեխաների ֆիզիկական սեռական զարգացման վրա պտղի ներարգանդային զարգացման հապաղման ազդեցության հարցերով:
Յուրի Ղազարոսի Ախնազարով – բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Յուրի Լազարեւիչի ծնողները բժիշկներ չէին , սակայն իրենց որդու մեջ դեռ մանկուց սերմանել էին բարություն, մարդասիրություն, մարդկանց օգտակար լինելու ցանկություն:
Պատերազմը որ սկսվեց, մենք ապրում էինք Սմոլենսկում: 1944թ., երբ ազատագրվեց քաղաքը, հորս նորից կանչեցին այնտեղ: Ես 6-րդ դասարանում էի սովորում: Հոսպիտալում շատ վիրավորներ կային: Ես աշխատում էի սանիտար: Տեսնելով վիրաբույժների աշխատանքը, իմ մեջ ցանկություն ծնվեց դառնալ վիրաբույժ եւ օգտակար լինել մարդկանց՚,- պատմում է Յուրի Լազարեւիչը:
Պրոֆեսոր Ախնազարովը աշակերել է պրոֆեսոր Սեդրակ Շարիմանյանին, երկար տարիներ համագործակցել պրոֆեսոր Վիգեն Մալխասյանի հետ:
Պրոֆեսոր Ախնազարովը պրակտիկ գործունեությանը զուգահեռ չորս տասնամյակից ավելի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Նա երկար տարիներ աշխատել է բժիշկների կատարելագործման Երեւանի ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում: Նրա սաներից շատերը առաջատար դիրքեր են գրավում Հայաստանի առողջապահության բնագավառում:
5 տասնամյակից ավելի աշխատանքային կենսագրություն ունի պրոֆեսոր Յուրի Ղազարոսի Ախնազարովը: Կարծես երեկ էր, որ Ղափանում պրոֆեսոր Իգոր Վիկտորովիչը ձեռքը տվեց նշտարը, եւ դողացող ձեռքերով ինքն արեց առաջին ինքնուրույն վիրահատությունըª ապենդէկտոմիա: Հետո, երբ ավարտեց բուհը, 6 տարի աշխատեց Տուլայի մարզում: Ապա Առողջապահության նախարար Նարիմանովի հրավերով վերադարձավ Երեւան, ստանձնեց ԱՆ 4- րդ գլխավոր վարչության հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչի պարտականությունները:
1964թ. ընդունվեց Երեւանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի ասպիրանտուրա: 1969թ. պաշտպանեց թեկնածուական թեզը: Մինչ օրս աշխատում է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (Առողջապահության ազգային ինստիտուտ):
Հայկական բժշկական ինստիտուտի հիմնադրումից 3 տարի անց պրոֆեսոր Ախնազարովը հրավիրվեց աշխատելու այստեղ եւ մինչ իր կյանքի մայրամուտը ղեկավարեց վիրաբուժական հիվանդություններ ամբիոնի գործունեությունը:
Վալենտինա Նիկիտի Ներսիսյան –բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պրոֆեսոր Վ.Ն.Ներսիսյանը ծնվել է 1924թ. հուլիսի 13-ին, Երեւանում:
1949թ. ավարտել է Երեւանի Պետական բժշկական ինստիտուտը 1950-1952թթ. աշխատել է Զալեսովո շրջկենտրոնի պոլիկլինիկայի տեղամասային բժիշկ: 1953-1956թթ. աշխատել է Բառնաուլ քաղաքի թ. 3 պոլիկլինիկայում, որպես տեղամասային թերապեւտ, ապա գաստրոէնտերոլոգ:
1956-1957թթ. աշխատել է Երեւանի մաշկա-վեներական դիսպանսերում որպես վեներոլոգ: 1957թ-ից աշխատել է Երեւանի Արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտում (հետագայում Ռ. Յոլյանի անվան հանրապետական արյունաբանական կենտրոն)` լաբորանտ, 1966-1972թթ` շճաբանական լաբորատորիայի վարիչ, 1972թ-ից` իմունոհեմատոլոգիայի բաժնի վարիչ:
1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ.` դոկտորական թեզերը: Նրա գիտական ուսումնասիրությունները վերաբերում են իմունոտրանսֆուզիոլոգիայի, իմունոռեպրոդուկցիայի, իմունոգենետիկայի, անթրոպոլոգիայի հարցերին: Հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների եւ 2 մենագրության:
1996թ-ից հանդիսացել է Հայկական բժշկական ինստիտուտի հեմատոլոգիայի եւ կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի հիմնադիր եւ վարիչ:
1996թ-ին ընտրվել է Նյու Յորքի ԳԱ անդամ, իսկ 1999թ.` ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ:
Նուբար Լևոնի Ասլանյանի- բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նուբար Ասլանյանը ծնվել է 1931թ. Եգիպտոսի Կահիրե քաղաքում: Ավարտելով Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը, 1947թ. տեղափոխվել է Երևան և 1948թ. ընդունվել բժշկական ինստիտուտ, որը ավարտելուց հետո աշխատել է Ապարանի շրջանում, որպես տեղամասի վարիչ: ՈՒսումը շարունակել է ասպիրանտուրայում և 1960թ. պաշտպանել գիտական թեզ, ստանալով բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հետագայում պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել դոկտորի գիտ. աստիճան: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1961թ-ից Ն. Ասլանյանը աշխատել է Սրտաբուժության ինստիտուտում, 1992-ից հանդիսացել է ՀԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ հետագայում կլինիկական կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր եւ ղեկավար:
Պրոֆեսոր Ն. Ասլանյանը 500-ից ավելին գիտական աշխատությունների հեղինակ է: Ն. Ասլանյանը հիանալի դասախոս էր, տարիների կուտակված փորձը և գիտելիքները մատչելի ձևով փոխանցում էր իր սաներին: