Շնորհակալություն մեր ուսանողուհուն

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողուհի Յանա Խաչատրյանը ևս այն ակտիվ կամավորներից է, ովքեր չնայած դեռ 2րդկուրսում են սովորում, սակայն արդեն իսկ հստակ գիտակցելով ու լավ պատկերացնելով ապագա բժիշկ-մասնագետի կարևորագույն մարդասիրական դերն ու առաքելությունը, համավարակի այս օրերին շատ ակտիվորեն իրականացնում է բազմակողմանի աջակցություն:

Ստորև ներկայացնում ենք մեր ուսանողուհու հետ ArmDaily.amի լրագրողի հարցազրույցը՝ ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնելով և հետագա հաջողություններ մաղթելով մեր ուսանողուհուն:

Կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող ուսանողուհին՝ կարոտի, սպասումների և հիվանդների տրամադրության մասին (լուսանկարներ)

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Այս պահին ունենք հաստատված 424 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Այս օրերին ամենաբարդն ու պատասխանատուն բուժաշխատողների աշխատանքն է:

ArmDaily.am-ը զրուցել է ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Յանա Խաչատրյանի հետ, ով նախ որպես կամավոր, ապա արդեն որպես բուժքույր աշխատում է հիվանդանոցներից մեկում՝ կորոնավիրուսով վարակվածների հետ:

-Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք կորոնավիրուսով վարակվածների հետ։ Ինչպե՞ս որոշեցիք որպես կամավոր ներգրավվել աշխատանքներում։

Մոտ մեկ շաբաթ է, որ նախ՝ որպես կամավոր, ապա որպես աշխատակից ընդգրկված եմ աշխատանքներում: Ավելի ստույգ մարտի 16-ից, երբ ողջ երկրի տարածքում արտակարգ ռեժիմ հայտարարվեց:

-Ինչի՞ համար եք ամենաշատը փոշմանում։

Փոշմանում եմ, որ ավելի շուտ չեմ առաջարկել օգնությունս, ես ահագին օր եմ կորցրել տանը հանգիստ նստելով:

-Ո՞ւմ եք շատ կարոտում ու ի՞նչ հաճախականությամբ եք հանդիպում մտերիմներին։

Այնպես է ստացվում, որ ես դեռ տուն գալիս եմ, հանդիպում եմ միայն մայրիկիս՝ այն էլ մեծ հեռավորության վրա: Ամենաշատը կարոտում եմ փոքր քույրիկիս՝ այս օրերին չենք հանդիպում:

-Աշխատա՞նք, թե՞ անվտանգություն։

Պարտքի զգացում ավելի հստակ, տվյալ մասնագիտություն ընտրած մարդիկ առաջնային պետք է դասեն ուրիշների առողջությունը, ես դեռ երիտասարդ եմ ուժով ու եռանդով լեցուն:

-Ամենամեծ ափսոսանքը, որ զգացել եք այս օրերին։

Ափսոսա՞նք, ես երբեք ոչնչի համար չեմ ափսոսում:

-Խնդրանք հասարակությունից։

Ավելի լուրջ մոտեցեք, մնացեք տանը, ձեզնից շատ բան է կախված:

-Ի՞նչ տրամադրություն կա վարակվածների շրջանում՝ խուճա՞պ, թե՞ հույս։

Հույս, լավ տրամադրություն ունեն:

Այս օրերին հարազատներից ամենաշատը ի՞նչ խորհուրդ, խնդրանք կամ հորդոր եք լսել։

Ամենակարևորը՝ զգույշ եղիր, ամեն ինչ լավ է լինելու, չհանձնվես:

Դուք հայտնի նկարի ժպտացող աղջիկն եք։ Ժպտո՞ւմ եք։

ժպիտը կյանքիս անբաժան մասն է, հավատացեք դա ինձ միշտ օգնում է:

-Առաջին բանը, որը պլանավորում եք անել կորոնավիրուսին վերջնականապես հաղթելուց հետո։

Քայլեմ Երևանիս մարդաշատ փողոցներով, զգամ Երևանիս ջերմությունը:

 

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ http://armdaily.am/?p=85894&l=am&fbclid=IwAR3lK-gMdRy91rVoGs9sN3faQVb-nE_qAajzjgDTURB9rmvs1ppT0anz0uo Հարցազրույցը վարել է Արմինե Նավոյանը