ՀԲԻ-ի ուսանողները այցելեցին Ստեփանավանի «Սուսանի»  ավագ սերնդի պարտեզի տատիկներին ու պապիկներին։

Մենք հայերս’   տատիկների ու պապիկների հանդեպ  առանձնահատուկ հարգանք  ու պատկառանք ունենք միշտ, և դա փոխանցվում է սերնե սերունդ։  Չէ՞ որ մեր տարեցներն են հաստատուն պահում մեր ժողովրդի ավանդույթներն ու բարի համբավը, հայի արժանապատիվ կեցվածքը։  Իսկ ինչքա՞ն քիչ բան է պետք մեր մեծերին ուրախանալու, մխիթարվելու համար։ Ընդամենը մի քաղցր խոսք, փոքրիկ մի ուշադրություն, և մեր տարեցները կարող են իրենց լիակատար երջանիկ զգալ։

Այդ իսկ առիթով Հայկական բժշկական ինստիտուտի «Բժշկական ֆիզիկա» առարկայի դասախոս Ն․ Աթոյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց 1-ին կուրսի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների ամանորյա անանուն նամակներ Ստեփանավանի «Սուսանի»  ավագ սերնդի պարտեզի տատիկներին ու պապիկներին։  Մեծ էր երկկողմանի հանդիպման ցանկությունը, և մայիսյան գարնան զարթոնքի և հաղթանակների ամսում՝ ամսի 9-ին, այն կայացավ։ Առաջին կուրսեցիներին միացել էին նաև ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտական 5-րդ կուրսի  ուսանողներից և ՀԲԻ-ի դասախոսներ՝  բժիշկ-ստոմատոլոգներ Կարեն Եղիազարյանը և Լաուրա Դավթյանը։ Երեք սերունդ համատեղ մեկ տեղում։ Ուսանողները ավագ սերնդին հուզող հարցերին պատասխանում էին սիրով, կիսվում իրենց գիտելիքներով, ներկայացնում ծերերի ատամների խնամքը, բուժման և պրոթեզավորման հնարարվոր եղանակները, քննարկում ծերունական հիվանդությունները։

Այդ օրը ոչ միայն հավաքվել էին շնորհավորելու և բարի մաղթանքներ տալու, այլ նաև մի քանի ժամով կտրելու մեր տարեցներին իրենց անբավ հոգսերից, երիտասարդացնելու, ուրախանալու, երգելու, պարելու: Հանդիպման վերջում կենտրոնի կողմից  շնորհակալագրեր շնորհվեցին Հայկական բժշկական ինստիտուտի դասախոս՝ Ն․ Աթոյանին, մարդկային բարձր արժանիքների համար, խորին երախտագիտությունը հայտնելով «Ավագ սերնդին» կարևորելու  և արժևորելու համար, ինչպես նաև բժիշկ Եղիազարյանին, բժիշկ Դավթյանին։ Տիկին Ռոզայի կողմից իրենց շնորհվեց նաև իր իսկ ձեռքով պատրաստած նվերները։  Իսկ Հայկական բժշկական ինստիտուտի մասնակիցների կողմից տված փոքրիկ նվերը՝ կծառայի որպես կենտրոնի համար ժամանակակից տեխնիկա, հետագա իր տեսանյութերը ցուցադրելու համար։

Հրաժեշտից հետո կազմը  Գուգարաց թեմի Ստեփանավան համայնքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանի ուղղորդությամբ մեկնեցին վաղ միջնադարյան հայկական ճարատարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից մեկը՝ 6-րդ դարի Դորբանտավանք։ Քահանան ուսանողներին ներկայացվեց վանքի պատմությունը։  Տերունական աղոթքից հետո հնչեց միջնադարյան շարական, որից հետո ուսանողները ստացան  օրհնություն։