ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի ապրիլի 19-ին Հայկական բժշկական ինստիտուտի  Հասարակագիտության ամբիոնի վարիչ և հոգեբանության դասախոս բգթ Ա Մանուկյանի նախաձեռնությամբ և բժշկագիտության պատմության դասախոս Դ Կարապետյանի ակտիվ  աջակցությամբ և մասնակցությամբ առաջին կուրսի ուսանողները իրենց դասախոսների և դեկանի ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան ծանոթանալու այնտեղ պահվող անգին ձեռագրերին։ Ուսանողները փորձառու ուղեկցորդի մեկնաբանություններով ծանոթացան հիմնական ցուցանմուշներին, ինչպես նաև արդեն իրենց դասախոս և Մատենադարանի աշխատակից Դ Կարապետյանի հետ եղան բժշկությանը նվիրված սրահում, ծանոթացան Մ Հերացու «Ջերմաց մխիթարություն» ստեղծագործությանը, որում տեղ են գտել նույնիսկ ներկայիս հիվանդությունների և վիրահատությունների նկարագրություններ, ինչպես նաև ցուցադրված այլ բժշկարանների, որոնցում մեծ տեղ էին զբաղեցնում դեղաբույսերը, դրանց նկարագրությւոնները։ Ի շնորհիվ գրիչների և ծաղկողների մեզ են հասել այս ձեռագրերը, որոնցից շատերը նմանը չունեն աշխարհում։ Դ Կարապետյանը կարևորեց ուսանողների մոտ տեսական բժշկությամբ զբաղվելու հետաքրքրության առաջացումը, քանի որ Մատենադարանի պահոցներում այժմ պահվում ու վերականգնվում են բազմաթիվ չուսումնասիրված բժշկագիտական ձեռագրեր։ Այդ ձեռագրերի ուսումնասիրությունը շատ կարևոր է, քանի որ մեր նախնիներից եկած գիտելիքների վերծանումը կարող է մեծամասամբ նպաստել նաև պրակտիկ բժշկության զարգացմանը։