Խոցային հիվանդությունը և նրա բուժումը

Հայկական բժշկական ինստիտուտում ներառարկայական կապերի զարգացման նպատակով դեռ նախորդ ուսումնական տարվանից ներդրվել են համատեղ դասերը, որոնց ընթացքում հարակից և զուգահեռ դասավանդվող առարկաներից կազմակերպվում և անցկացվում են համատեղ դասեր։ Այդ դասերը կոչված են նպաստելու միջառարկայական կապերի փոխկապակցվածության ընկալմանը ուսանողների կողմից։ Վերջինս էլ իր հերթին ավելի մատչելի է դարձնում գիտելիքի յուրացումը, բժշկական կրթության շարունակականության պահպանման և ապահովման կարևորությունը։

Վերջերս՝ ապրիլի 25-ին, կայացավ նման համատեղ դաս ախտաբանական ֆիզիոլոգիա, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա և ֆարմակոլոգիա առարկաներից, որի թեման էր «Խոցային հիվանդությունը և նրա բուժումը»։ Համատեղ դասի ընթացքում ուսանողները ներկայացրեցին ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների ախտոֆիզիոլոգիան, բարդությունները, բուժման մեթոդները և կիրառվող դեղորայքները, ինչպես նաև ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերը։ Ուսանողները բավականին խորը պատրաստված էին և լիարժեք պատասխաններ էին տալիս դասախոսների և կուրսընկերների հարցերին։ Նրանք լսարանի համար նախատեսել էին նաև թեմայի վերաբերյալ իրավիճակային խնդիրներ։