Պետական նմուշի դիպլոմների հանձնում

Պետական նմուշի դիպլոմներ՝ ՀԲԻ-ի շրջանավարտներին

Ս. թ. հուլիսի 14-ին Հայկական բժշկական ինստիտուտի բուժական եւ ստոմատոլոգիական ֆակուլտետների թվով 150 շրջանավարտներ ստացան պետական նմուշի դիպլոմներ:

Լեփ-լեցուն դահլիճում, ուր հավաքվել էին շրջանավարտները, նրանց ծնողներն ու մտերիմները, բուհի ղեկավարության ներկայացուցիչներ, դասախոսներ, հնչեցին

շնորհավորանքների բազմաթիվ խոսքեր:

Նախ շրջանավարտներին շնորհավորեց ու իր բարեմաղթանքի խոսքերը հղեց ՀԲԻ-ի տնօրենների խորհրդի անդամ, բ. գ. թ.,    դոցենտ Լ. Գ. Ասատրյանը: «Սիրելի շրջանավարտներ, ձեր ուսումնառության տարիները համընկան դժվարին ժամանակների հետ՝ կորոնավիրուս, 44-օրյա պատերազմ, փոփոխություններ ուսուցման ձեւաչափում եւ այլն: Սակայն դուք հաղթահարեցիք այդ դժվարությունները եւ հասաք ձեր նպատակին: Մեր բուհի շատ երիատասարդներ ակտիվորեն ներգրավվեցին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում, եւ պատերազմական գործողություններում, հանդես գալով որպես բժիշկ, բուժակ, բուժքույր, զինվոր: Ցավոք, նրանցից 4-ը նահատակվեցին: Առաջարկում եմ մեկ րոպե լությամբ հարգել նրանց հիշատակը»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին ընկածներին:

 

Շարունակելով իր խոսքը, Լ. Գ. Ասատրյանը անդրադարձավ բժշկի մասնագիտության առանձնահատկություններին, երիտասարդ բժիշկներին հորդորելով լինել բժիշկ-մտավորականներ, պատվով անցնել բժշկի ճանապարհը, երբեք չմոռանալ բոլոր նրանց, ում շնորհիվ հասել են իրենց երազանքին՝ ծնողներ, ուսուցիչներ, մայր բուհ: «Սիրելի շրջանավարտներ, խորհուրդ եմ տալիս առաջնորդվել բժշկության ոսկե կանոնով՝ մի վնասիր, չլինել մեծամիտ եւ հավատարիմ մնալ բժշկի երդմանը: Ձեր մեջ մշակեք ամեն օր կարդալու, զարգանալու ձգտում: Ձեզ հաջողություններ եւ կանաչ ճանապարհ»,- իր խոսքում հավելեց Լ. Ասատրյանը:

Ապա շրջանավարտներին շնորհավորական խոսքեր հղեցին բուժական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Յու. Ջհանգիրյանը, ՀԲԻ-ի դասախոսներ Ռ. Դ. Փարսյանը, Ի. Ա. Միրզոյանը, Լ. Ս. Ոսկանյանը:

Նրանք եւս արդեն կոլեգաներ դարձած երեկվա իրենց ուսանողներին հորդորեցին լինել գիտակ եւ մարդկային բարձր որակներ ունեցող մասնագետներ, կարեւորել բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները եւ ամեն տեղ բարձր պահել իրենց մայր բուհի՝ Հայկական բժշկական ինստիտուտի պատիվը:

Այնուհետեւ նորավարտ բժիշկները Լ. Գ. Ասատրյանի ձեռքից ստացան պետական նմուշի դիպլոմները:

Գերազանցության (կարմիր) դիպլոմների արժանացան բուժական ֆակուլտետի շրջանավարտներ՝  Խանամիրյան  Նատալի Աշոտի,Աղինյան Մանանա  Խաչիկի,Ապկարյան  Լենա  Արմենակի,Ներսիսյան  Էդիտա Էմիլի,Գևորգյան  Մարիաննա  Նշանի,Սարգսյան  Մերի  Մամիկոնի:

 

Միջոցառման ընթացքում նորավարտ բժիշկները հանդիսավոր երդվեցին ողջ ուժերն ու գիտելիքները ծառայեցնել մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը, բարեխղճորեն աշխատել, ուշադիր եւ հոգատար վերաբերվել հիվանդին, պահպանել բժշկական գաղտնիքը եւ միշտ բարձր պահել բժշկի պատիվը:

Միջոցառումն ավարտվեց հետաքրքիր անակնկալով. բուհի շրջանավարտ՝  Նորա Մարտիրսոյանը , իր աշխատանքը նվիրեց մայր բուհին՝ ի նշան երախտագիտության: