Այսօր Հայկական բժշկական ինստիտուտը հյուրընկալեց Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի
պատվիրակությանը՝ ի դեմս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ս. Ա. Կարպիշենկոյի և բուժական ֆակուլտետի փոխդեկան Վ. Ա. Գավրիլինայի։ Հյուրերին ընդունեց ինստիտուտի ռեկտոր Լ. Վ. Անդրիասյանը։ Այնուհետև հյուրերը դեկանների և ուսումնական մասի ղեկավարի ուղեկցությամբ շրջեցին ինստիտուտում, ծանոթացան ուսումնական պայմաններին, այցելեցին սիմուլյացիոն կենտրոններ, ֆանտոմային կաբինետներ և անատոմիայի թանգարան։ Հանդիպում կայացավ նաև ուսանողների և դասախոսների հետ, որի ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց համալսարանը, ուսանողների փոխանակման ծրագրերը և հետդիպլոմային կրթության հնարավորությունները։ Կողմերը նաև կարևորեցին հետագա համագործակցությունը ինչպես ուսանողական, այնպես էլ դասախոսական համակազմի համար: Այս նախաձեռնություններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց նաև «Ռուսական տուն»-ը Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում։




