ՀԲԻ-ի ուսանողները «4Future Healthcare» համաժողովում
Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները, «Բժշկական ֆիզիկա» առարկայի դասախոս Ն. Աթոյանի նախաձեռնությամբ, մասնակցեցին տարածաշրջանի կարևորագույն բժշկական իրադարձություններից մեկին՝ «4Future Healthcare» համաժողովին: Այցի հիմնական նպատակն էր ապագա բժիշկներին ծանոթացնել առողջապահության ոլորտի արդի տեխնոլոգիական լուծումներին, որոնք անմիջականորեն առնչվում են բժշկական ֆիզիկայի և թվային բժշկության զարգացումներին:
- Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնել, թե ինչպես են անատոմիայի և կենսաբանության հիմնարար գիտելիքները կիրառվում ռոբոտաշինության և գենետիկական ինժեներիայի մեջ, ծանոթանալ AI (Արհեստական բանականություն) գործիքներին, որոնք օգնում են ախտորոշել հիվանդությունները վաղ փուլերում:
Միջոցառման ընթացքում ուսանողները ոչ միայն լսեցին առաջատար փորձագետների ելույթները, այլև ակտիվ շփումներ հաստատեցին ոլորտի մասնագետների հետ՝ ստանալով պատկերացում իրենց ապագա մասնագիտության և տեխնոլոգիաների սիմբիոզի մասին:
Ըստ դասախոս Ն. Աթոյանի խոսքի «Բժշկական ֆիզիկան այն հիմքն է, որի վրա կառուցված է ժամանակակից ախտորոշիչ տեխնիկան: Նմանատիպ համաժողովներն օգնում են ուսանողներին տեսնել տեսական գիտելիքի կիրառական արժեքը և հասկանալ, թե ինչպես է գիտությունը փոխում բժշկության ապագան հենց այսօր»: 



