Ֆիզիկան՝ բնության, պատմության և բժշկության հանգույցում

Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի 201 խմբի և ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի 105 խմբի ուսանողները՝ իրենց կուրատոր, բժշկական ֆիզիկայի դասախոս Նաիրա Աթոյանի հետ, այցելեցին Տավուշի մարզ: Ճանապարհորդության նպատակը պարզ էր և միաժամանակ խորը՝ տեսնել, որ ֆիզիկան լսարանի պատերից դուրս էլ կա. այն ապրում է մեր բնության, ճարտարապետության և մշակույթի մեջ:
Անտառների գրկում ծվարած Հաղարծին վանական համալիրի և  Մակարավանքի քարե կամարները ուսանողներին դարձան կենդանի լսարան: Քարե կամարների ու գմբեթների կայունությունը մեզ հիշեցրեց ուժերի հավասարակշռության, զանգվածի կենտրոնի և նյութերի ամրության մասին:
Գոշա­վանքը ուսանողներին պատմեց ոչ միայն Մխիթար Գոշի մասին, այլև ձայնի ֆիզիկայի: Վանքի պատերի մեջ ձայնն արձագանքում է յուրահատուկ ձևով, և հենց այստեղ դասախոսը խոսեց նաև ակուստիկայի, ալիքների անդրադարձման և ռեզոնանսի մասին: Նույն սկզբունքներն են ընկած ուլտրաձայնային ախտորոշման, ինչպես նաև լսողության և ձայնի ընկալման հիմքում: Այցի ամենասրտառուչ պահը Գոշավանքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանայի օրհնությունն էր: Նա օրհնեց երիտասարդ ապագա բժիշկներին և ստոմատոլոգներին՝ մաղթելով, որ իրենց գիտելիքը ծառայի մարդու կյանքին ու առողջությանը, իսկ ձեռքերը լինեն բարի և ճշգրիտ: Այդ պահին քարե պատերի տակ գիտությունն ու հավատը կանգնած էին կողք կողքի:
Ճանապարհորդությունն ավարտվեց գործնական մասով: Ֆերմենտացիան, ջերմաստիճանի ազդեցությունը, ճնշումը, խտությունը և հեղուկների հատկությունները ցույց տվեցին, թե ինչպես է ֆիզիկան աշխատում առօրյա արտադրության մեջ: Սրանք նույն օրենքներն են, որոնք կիրառվում են արյան շրջանառության, լուծույթների և բժշկական սարքավորումների ուսումնասիրության մեջ: Արտագնա այս դասն ապացուցեց, որ բժշկական ֆիզիկան միայն դասագիրք կամ խնդիր չէ: Այն օգնում է հասկանալ մարդու օրգանիզմը, բժշկական սարքերի աշխատանքը և մեզ շրջապատող աշխարհը: