«Ուղեղի մարտահրավերները. Ալցհեյմեր և Պարկինսոն» ուսանողական զեկուցումները Հայկական բժշկական ինստիտուտում

Ուսանողների միջազգային օրվա առթիվ Հայկական բժշկական ինստիտուտում անցկացվեց «Ուղեղի մարտահրավերները. Ալցհեյմեր և Պարկինսոն. մեծահասակները և նեյրոդեգեներատիվ հիվանդությունները» խորագրով ուսանողական զեկուցումներ։ Միջոցառմանը մասնակցեցին առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և արտաքին հյուրեր։

Կոնֆերանսի համակարգողը Բժշկական ֆիզիկայի դասախոս Ն. Աթոյանն էր։ Ուսանողները ներկայացրին զեկուցումներ ժամանակակից հասարակության համար առավել արդիական նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին։ Քննարկվեցին Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացման մեխանիզմները, վաղ ախտորոշման հնարավորությունները, բուժման և խնամքի ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև տարեց բնակչության առողջության պահպանման խնդիրները։ Ելույթ ունեցողները շեշտեցին, որ բնակչության ծերացման պայմաններում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դառնում են ոչ միայն բժշկական, այլև սոցիալական լուրջ մարտահրավեր։ Այդ պատճառով ապագա բժիշկների համար կարևոր է ձևավորել գիտական մտածողություն, հետազոտական հմտություններ և զգայուն վերաբերմունք հիվանդների ու նրանց ընտանիքների նկատմամբ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ ժամանակակից նեյրոգիտությունը և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը անհնար են առանց ֆիզիկայի։