Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակներում, Հայկական բժշկական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողները, դասախոս Նաիրա Աթոյանի նախաձեռնությամբ, իրականացրեցին ճանաչողական և ուսումնական այց դեպի Հայաստանի պատմամշակութային գոհարներ՝ Չարենցի կամար, Գառնի,Արքունի բաղնիք,Գեղարդի վանական համալիր, Քարերի սիմֆոնիա,Մաշտոց Հայրապետի եկեղեցի: Ուսանողների համար սա հրաշալի հնարավորություն էր տեսնել ֆիզիկայի օրենքների կիրառությունը բնության և ճարտարապետության մեջ: Այցի նպատակն էր համադրել բժշկական ֆիզիկայի տեսական գիտելիքները բնության ու հոգևոր ժառանգության հետ՝ վերարժևորելով «արմատների ուժը» որպես մարդու ներդաշնակ զարգացման հիմք: Ճանապարհի առաջին կանգառը Չարենցի կամարն էր, որտեղ ուսանողները ականատես եղան լույսի և գույնի այնպիսի խաղի, որը հիշեցնում է մարդու աչքի կառուցվածքի և օպտիկական համակարգերի կատարելության մասին։ Գեղարդի ժայռափոր տաճարներում ուսանողները ուսումնասիրեցին ձայնի ռեզոնանսային հաճախականությունները։ Ուսանողները ծանոթացան ժայռափոր տաճարի յուրօրինակ ակուստիկային։ Ֆիզիկայի տեսանկյունից սա ձայնային ալիքների անդրադարձման և ռեզոնանսի կատարյալ օրինակ է, որը դարեր շարունակ ծառայել է հոգևոր երաժշտության հնչեղությանը։ Այցի ամենահուզիչ և հոգեպարար պահը դարձավ Գեղարդավանքի դարավոր կամարների ներքո կատարված ուսանողների օրհնության կարգը: Շարականների և հոգևոր երգեցողության հաճախականությունները, բախվելով ժայռափոր պատերին, ստեղծում են այնպիսի ձայնային միջավայր, որը գիտականորեն ապացուցված է որպես սթրեսը նվազեցնող և մտքի պարզություն հաղորդող գործոն: Գառնիի տաճարի հիմնասյուների և անկյունային հաշվարկների մեջ ուսանողները տեսան զուգահեռներ մարդու հենաշարժողական համակարգի հետ: Ինչպես է տաճարի սեյսմակայունությունը նմանվում մարդու կմախքի՝ դինամիկ և ստատիկ բեռնվածություններին դիմակայելու ունակությանը։ Ուսանողները փաստեցին, որ նույն համամասնությունները, որոնցով կառուցված է Գառնին, առկա են մարդու ԴՆԹ-ի կառուցվածքում և սրտի փականների աշխատանքի մեջ։
Ինստիտուտը կարևորում է ոչ միայն լսարանային գիտելիքը, այլև ապագա բժշկի աշխարհայացքի ընդլայնումն ու հոգևոր դաստիարակությունը:






