Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) առաջին կուրսի ստոմատոլոգիական և բուժական ֆակուլտետների ուսանողները՝ բժշկական ֆիզիկայի դասախոս Նաիրա Աթոյանի գլխավորությամբ և ուղեկցությամբ, մասնակցեցին տարվա կարևորագույն տեխնոլոգիական , կրթական իրադարձություններից մեկին՝ Mindx կրթական համաժողովին։Ուսանողները ծանոթացան Mindx-ի կողմից ներկայացված նորարարություններին, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին և գիտական մտքի զարգացմանը։ Այցը կրում էր ճանաչողական, կրթական և մոտիվացիոն բնույթ՝ ընդգծելով ֆիզիկական երևույթների և տեխնոլոգիաների դերը բժշկական ախտորոշման և բուժման մեջ։ Համաժողովը հարթակ հանդիսացավ ուսանողների համար՝ տեսնելու, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ֆիզիկական նոր լուծումները փոխակերպում ժամանակակից բժշկական կրթությունը։ «Մեր նպատակն է ուսանողին տալ ոչ միայն տեսական գիտելիք, այլև սովորեցնել քայլել ժամանակին համահունչ։ Mindx-ի նման հարթակները լավագույն հնարավորությունն են ապագա մասնագետների մեջ հետաքրքրասիրություն և նորարարական ստեղծագործական մտածելակերպ սերմանելու համար: Մեր ուսանողները ոչ միայն սովորում են լսարաններում, այլև լինում են այնտեղ, որտեղ ստեղծվում է ապագան: Հայկական բժշկական ինստիտուտը շարունակում է աջակցել ուսանողների արտալսարանային գործունեությանը՝ նպաստելով բազմակողմանի զարգացած և տեխնոլոգիապես գրագետ բժիշկների պատրաստմանը։» – նշեց դասախոս Նաիրա Աթոյանը։






